Ձևավորված ատելության մթնոլորտի պայմաններում հետագա պաշտոնավարումս կարող է վտանգավոր լինել ապագա երեխայիս առողջության համար․Հերմինե Անդրեասյան - RadioVan.fm

Онлайн

Ձևավորված ատելության մթնոլորտի պայմաններում հետագա պաշտոնավարումս կարող է վտանգավոր լինել ապագա երեխայիս առողջության համար․Հերմինե Անդրեասյան

2019-03-26 17:07 , Общество, 1370

Ձևավորված ատելության մթնոլորտի պայմաններում հետագա պաշտոնավարումս կարող է վտանգավոր լինել ապագա երեխայիս առողջության համար․Հերմինե Անդրեասյան

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը մարտի 1-ից ստանձնած Հերմինե Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:

Նշենք՝ Հերմինե Անդրեասյանի հրաժարականի պահանջով այս օրերիn նշյալ դպրոցում գործադուլ ու դասադուլ էին հայտարարել ուսուցիչները, աշակերտները։ Խնդրին ծանոթանալու նպատակով մարտի 21-ին Ավշարի դպրոց էին գործուղվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, ովքեր առանձնազրույցների ընթացքում պարզել էին, որ նորանշանակ տնօրենը դպրոց աշխատանքի անցնելու հաջորդ օրը հանդիպել է փոխտնօրենին և առաջարկել է, որ հրաժարվի փոխտնօրենի պաշտոնից, սակայն շարունակի աշխատել որպես ուսուցիչ: Տնօրենի խոսքով՝ փոխտնօրենը համաձայնել է աշխատել որպես ուսուցիչ, սակայն հաջորդ օրը դպրոցի գործավարը հրաժարվել է կազմել փոխտնօրենի աշխատանքից ազատման և այլ աշխատանքի տեղափոխման հրամանի նախագիծը, իսկ ուսուցիչները սկսել են բողոքել տնօրենի որոշման դեմ և հրաժարվել են աշխատել իր հետ:

Հերմինե Անդրեասյանի՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին ուղղված պաշտոնից ազատման դիմումը՝ ստորև․

«Հարգելի պարոն Սարգսյան, խնդրում եմ այս դիմումի համաձայն ազատել ինձ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից և ստորև ներկայացնում եմ այդ որոշման պարզաբանումը։ Ես՝ Հերմինե Անդրեասյանս, մարտի 1-ին ընտրվել եմ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրեն` 7 կողմ և 1 ձեռնպահ ձայնով:

Օրենքին համապատասխան անցկացված մրցույթում հաղթել եմ ձայների մեծամասնությամբ: Երկու շաբաթվա ընթացքում, չնայած վերապրածիս, ամենից շատ ինձ մտահոգեց և շարունակում է մտահոգել դպրոցահասակ երեխաների կրթություն ստանալու իրավունքի ոտնահարման հանգամանքը։

Մենք` մանկավարժներս, պարտավոր ենք ապահովել հավասար պայմաններ այդ իրավունքի իրականացման համար: Դա է մեր կոչումը և սրբազան պարտականությունը: Ես, որպես մանկավարժ, ՀՀ քաղաքացի և ծնող` նաև այն երեխայի, ում կրում եմ կրծքիս տակ և ով լույս աշխարհ կգա, ցանկանում եմ, որպեսզի մեր երեխաները, մասնավորապես Ավշարի միջնակարգ դպրոցի երեխաները, կրթություն ստանան, և ամենակարևորը` այն ստանան առողջ կրթական միջավայրում, որտեղ մեծերի մասնավոր շահերը կստորադասվեն և խոչընդոտ չեն հանդիսանա երեխաների որակյալ կրթության ապահովմանը:

Ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր այս քայլս որպես թուլություն կորակեն, քանի որ ընտրված լինելով որպես օրինական տնօրեն և չոտնահարելով Ավշարի միջնակարգ դպրոցում դասավանդող որևէ ուսուցչի և սովորող որևէ աշակերտի իրավունք, հրաժարական եմ տալիս, սակայն հույս ունեմ, որ որպես ներկա կամ ապագա ծնողներ ձեզանից յուրաքանչյուրը կհասկանա իմ որոշումը․ ինձ համար իմ ապագա երեխայի առողջությունը շատ կարևոր է, իսկ ձևավորված ատելության մթնոլորտի պայմաններում իմ հետագա պաշտոնավարումը կարող է վտանգավոր լինել նրա առողջության համար։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք այս ընթացքում եղել են իմ կողքին»։

Лента

Рекомендуем посмотреть