Վրեժ՝ 23 տարի անց. 80-ամյա տղամարդու սպանությունը բացահայտվել է - RadioVan.fm

Онлайн

Վրեժ՝ 23 տարի անց. 80-ամյա տղամարդու սպանությունը բացահայտվել է

2017-09-11 18:08 , Право, 2284

Վրեժ՝ 23 տարի անց. 80-ամյա տղամարդու սպանությունը բացահայտվել է

Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Արարատի մարզի 80-ամյա բնակչի սպանությունը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:

Հիշեցնենք՝ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի 80-ամյա բնակչի դին հայտնաբերվել էր օրեր առաջ՝ սեպտեմբերի 6-ին, իր տան բակում՝ բռնության հետքերով։

ՀՀ քննչական կոմիտեի ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարոցված քրեական գործի շրջանակում 80-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող։ Քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ սպանության հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 80-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է պատճառել համագյուղացի մի երիտասարդ՝ ծնված 1988թ., ում հայրն սպանվել է 23 տարի առաջ՝ տուժողի կողմից:

Նախնական քննության տվյալներով՝ 2017 թվականի սեպտեմբերի 6-ին Արարատի մարզի Ոսկետափ գյուղի 29-ամյա բնակիչը մասնակցել է մահացած ազգականներից մեկի մահվան 40-րդ օրվան նվիրված արարողությանը, որի ընթացքում ալկոհոլային խմիչք են օգտագործել: Այնուհետև այցելել է հոր գերեզմանին, որից հետո՝ ժամը 22 :00-ի սահմաններում, գնացել է տուժողի տան մոտ: Բակում հանդիպելով 80-ամյա տղամարդու հետ՝ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ վերջինիս պատճառվել են մարմնական վնասվածքներ՝ բակում գտնվող բահով և եղանով։ Ստացած մարմնական վնասվածքներից տղամարդը մահացել է։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը սեպտեմբերի 8-ին որոշում է կայացրել` Ոսկետափ գյուղի 29-ամյա բնակչին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել` երիտասարդին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող երիտասարդն այսօր հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть