Հայաստանում Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոն կձևավորվի - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոն կձևավորվի

2019-03-29 18:19 , Медицина, здоровье, 1791

Հայաստանում Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոն կձևավորվի

Առաջին անգամ Հայաստանը, ի դեմս Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի՝ ճանաչվել է HORIZON 2020 Twinning ծրագրի հաղթող:

ԵՊԲՀ-ն արդեն ստացել է Եվրահանձնաժողովի պաշտոնական նամակն առ այն, որ "COBRAIN: Armenia Center for Translational Research on Chronic Neurodegenerative Disorders: A Neuroscience Initiative on Maintaining Healthy Brain Ageing" («COBRAIN Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլիացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում») վերնագրով նախագիծը շահել է HORIZON 2020 Twinning ծրագիրը՝ որպես համակարգող` ստանալով հնարավոր առավելագույն միավորի 96.6%-ը:

Նախագիծը հիմք կհանդիսանա Հայաստանում Ուղեղի նախաձեռնության թողարկման և Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնի համար համապատասխան աշխատակազմի ու ենթակառուցվածքի ձևավորման համար։

«COBRAIN-ը վճռորոշ մեկնարկ կհանդիսանա ուղեղի հետազոտությունների ոլորտում՝ ազգային մրցունակությունն ապահովելու և գերազանցության հասնելու նախաձեռնության համար: COBRAIN-ի հիմնական խնդիրն է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտպան մեխանիզմների վրա: Սերտորեն համագործակցելով Թյուբինգենի և Լունդի համալսարանների հետ՝ծրագիրը հնարավորություն կընձեռի հաստատել նեյրոգիտության հետազոտությունների կառուցվածքը, կկատարելագործվեն երիտասարդ հետազոտողների հմտությունները, կընդլայնվեն հետազոտական կարիերայի հնարավորությունները, կզարգանան համալսարանի նորարարական կարողությունները: Ծրագրի արդյունքում համալսարանում կխթանվի գիտական համագործակցության դաշտը, և կզարգանան մարդկային ռեսուրսներն ու հետազոտությունների մեթոդոլոգիական կարողությունները՝ հիմնարար և տրանսլիացիոն նեյրոգիտության մեջ իրականացվելիք գերազանցության և նորարական ծրագրերին ընդառաջ»,-հավելում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից:

Ծրագրերից երկրորդը՝ «Մագնիսական նանոհիբրիդները՝ քաղցկեղի բուժման համար», ներկայացվել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (ՖՀԻ) կոորդինացմամբ: Այն ուղղված է քաղցկեղի բուժման անվտանգ և արդյունավետ եղանակի մշակմանը՝ հիմնված ՖՀԻ-ում սինթեզվող նախանշված հատկություններով մագնիսական նանոհիբրիդային նյութերի միջոցով փոփոխական մագնիսական դաշտում գերտաքացման (հիպերթերմիա) եղանակով քաղցկեղային բջիջների ընտրողական քայքայման վրա: Նախագծում որպես գործընկեր կազմակերպություններ են ներգրավված Դույսբուրգ-Էսսենի համալսարանը (Գերմանիա), Սալոնիկիի Արիստոտել համալսարանը (Հունաստան) և Ինտելիջենցիա ընկերությունը (Լյուքսեմբուրգ):

Horizon 2020-ը Եվրոպական միության ամենախոշոր հետազոտական և ինովացիոնգերազանցության ծրագիրն է, որը մրցութային սկզբունքով ֆինանսավորում Է միայն լավագույններին: Horizon 2020-ի Spreading Excellence & Widening Participation (Գերազանցության տարածում և մասնակցության ընդլայնում) գործողության Twinning ծրագրի նպատակն է Եվրամիության անդամ պետությունների առաջատար միջազգային գիտական հաստատությունների հետ համագործակցության արդյունքում հայտ ներկայացրած երկրում իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող, ինստիտուցիոնալ, միջազգայնորեն մրցունակ և առաջադեմ հետազոտական նախագիծ, որը կհամապատասխանի գերազանցության չափանիշներին: Հաջողության կարող են հասնել Twinning-ին ներկայացված այն նախագծերը, որոնք հստակորեն ներկայացնում են հետազոտության կոնկրետ բնագավառում գիտական գերազանցության և նորարարական կարողությունների ընդլայնման ու խթանման գիտական ռազմավարություն, ինչպես նաև երկուստեք իրականացնող գործընկերների գիտաhետազոտական պոտենցիալը: Ծրագիրը շահելու հավանականությունը յուրաքանչյուր տարի կազմում է 10-14%, իսկ յոթ տարիների (2014-2020) համար նախատեսված ընդհանուր բյուջեն` 80 միլիարդ եվրո:

Лента

Рекомендуем посмотреть