Կին-առեղծվածի նորովի մեկնաբանության գրավիչ փորձ. Ստամբուլում կայացավ հայ նկարիչ Սամվել Լաճիկյանի անհատական ցուցահանդեսը - RadioVan.fm

Онлайн

Կին-առեղծվածի նորովի մեկնաբանության գրավիչ փորձ. Ստամբուլում կայացավ հայ նկարիչ Սամվել Լաճիկյանի անհատական ցուցահանդեսը

2019-03-29 19:41 , Культура, Шоу бизнес, 3892

Կին-առեղծվածի նորովի մեկնաբանության գրավիչ փորձ. Ստամբուլում կայացավ հայ նկարիչ Սամվել Լաճիկյանի անհատական ցուցահանդեսը

Թուրքիայի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում, կայացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Կանանց միջազգային օրվան: Այն բացվել է մարտի 8-ին և կրել «Կին և բնություն» խորագիրը:

Կազմակերպիչն է տեղի «Փարոս» մշակութային ամսագրի խմբագիր, արվեստաբան Մայտա Սարըսը, որն արդեն հարուստ փորձ ունի հայաստանցի արվեստագետների ստեղծագործությունները ներկայացնելու հարցում: Ցուցադրված մոտ 30 աշխատանքներն ընկալվել են իբրև կնոջ գեղեցկության գեղանկարչական ներբող և կին-առեղծվածի նորովի մեկնաբանության գրավիչ փորձ:

Դատելով Ստամբուլում լույս տեսնող թերթերի ու ամսագրերի հոդվածներից, ինչպես նաև ինտերնետային հեռուստատեսության արձագանքներից՝ ցուցահանդեսն ունեցել է մեծ հաջողություն և բուռն հետաքրքրություն առաջ բերել տեղի արվեստասեր շրջանակներում: Բացման հանդիսությանը ներկա են եղել Սևծովյան տնտեսական համագործակցությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սելինա Դողանը, կրթական շատ հաստատությունների տնօրեններ ու մշակութային գործիչներ, ինչպես նաև թուրք ու այլազգի շատ արվեստասերներ:

Տեղական մամուլն աննախադեպ անդրադարձ է կատարել Սամվել Լաճիկյանի ստեղծագործությանը՝ նրան անվանելով «հայազգի Ռեմբրանդտ», «Մոգական ռեալիզմի վարպետ» և այլն: Նկարիչը հայտ է ստացել նաև մասնակցելու Անկարայում առաջիկա ամիս կազմակերպվելիք Գեղանկարի միջազգային 3-րդ փառատոնին:

Վրձնի հայ վարպետը, որ 1988-ի երկրաշարժի օրերին ղեկավարում էր Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցը, շուրջ 2 տասնամյակ Ամերիկայում բնակվելուց հետո վերջերս է վերադարձել հայրենիք և դասավանդում է հայրենի քաղաքի «Վարդուհի» արվեստի դպրոցում՝ իր փորձն ու հմտությունը փոխանցելով գյումրեցի պարման-պարմանուհիներին:

«Պոլսում գտնվելուս օրերին,- «Արմենպրես»-ին պատմեց Սամվել Լաճիկյանը,- իմ ամենալուսավոր հանդիպումը տեղի Հրանտ Դինքի անվան վարժարանի աշակերտության ու ուսուցիչների հետ էր»: Այս դպրոցը ստեղծվել է 2003-ին և համեմատաբար նոր կրթօջախ է Ստամբուլի կրթական քարտեզի վրա: Սովորող մոտ 150 աշակերտները հիմնականում հայաստանցի երեխաներ են և հարևան երկրում աշխատանք գտած ու ժամանակավորապես այդտեղ ապրող մեր հայրենակիցների զավակներ: Արտերկրում գործող միակ հայկական վարժարանն է, որի ուսուցման հիմքում ՀՀ պետական կրթական ծրագիրն է, և սովորողները ստանում են պետական նմուշի վկայականներ: Քանի որ դասերն անցկացվում են Պոլսո Հայ ավետարանական եկեղեցու ներքնահարկում ու պայմանները, մեղմ ասած, նախանձելի չեն, որոշվել է նկարների վաճառքից գոյացած հասույթի մի մասը տրամադրել դպրոցի կարիքներին:

«Դա ես մեծ սիրով արեցի», - նշում է Սամվել Լաճիկյանը և ավելացնում, որ ամեն օր ցուցահանդես այցելող երեխաների մեջ տեսել է ուսման ծարավ և անթաքույց սեր դեպի արվեստը: Ավելին՝ նկարիչը ցուցահանդեսի ավարտից հետո անակնկալ է մատուցել՝ դպրոցին նվիրելով Արարատը պատկերող իր մի նկարը: «Թող այն մշտապես հիշեցնի մեր պատանի սերնդին հայրենիք վերադառնալու և Մասիսի հայացքի ներքո Հայաստան աշխարհը շենացնելու անհրաժեշտության մասին», - այսպես եզրափակեց խոսքը Հայաստանի վաստակավոր նկարիչը:

Գրեթե նույն միտքը մենք կարդացինք Ստամբուլի Հրանտ Դինքի անվան վարժարանի տնօրինուհի Հերիքնազ Ավագյանի «Ֆեյսբուք»-ի մի գրառման մեջ. «Այս գեղեցիկ նկարը խտացնում է մեր կարոտը և հիշեցնում, որ հայրենիքը սպասում է մեզ…»:

Лента

Рекомендуем посмотреть