Մեքենաներից սուրճ, սնունդ, հուշանվերներ վաճառողները կբերվեն օրենքի դաշտ - RadioVan.fm

Онлайн

Մեքենաներից սուրճ, սնունդ, հուշանվերներ վաճառողները կբերվեն օրենքի դաշտ

2019-04-02 18:17 , Общество, 1415

Մեքենաներից սուրճ, սնունդ, հուշանվերներ վաճառողները կբերվեն օրենքի դաշտ

Թեև «Առևտրի և սպասարկումների մասին» օրենքը սահմանում է շրջիկ առևտրի հնարավորությունը, սակայն, թե ինչպե՞ս այն պետք է կազմակերպվի՝ օրենքը չի ասում, չկան նաև իրավական այլ կարգավորումներ: Օրենսդրական բացը լրացնելու և խնդիրը կարգավորելու համար Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել օրենսդրական փոփոխություններով:

«Նախատեսում ենք, որ հարցի կարգավորման նպատակով համապատասխան համայնքի ավագանիները կսահմանեն շրջիկ առևտրի կետերով իրականացվող առևտրին կամ ծառայություններին առնչվող պայմաններն ու պահանջները, ինչպես նաև կսահմանվի թույլտվություն տալու գործընթացը»,- նշում է քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը:

Օրենքի ընդունումից հետո ավագանին կսահմանի բոլոր չափորոշիչները և գոտիավորումը, ինչպես նաև ժամերը և օրերը:

«Հանրային սննդի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ է ստանալ թույլտվություն: Այն շրջիկ առևտրի կետերը, որոնք իրականացնում են հանրային սննդի վաճառք, բայց չունեն թույլտվություն, նրանց նկատմամբ իրականացնում ենք վարչարարություն. առաջին անգամ՝ 80-100 հազար դրամ տուգանք»,-ասում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Քաղաքապետարանը շրջայցի ընթացքում շրջիկ առևտրի ոլորտում արձանագրել է մի շարք այլ խնդիրներ ևս․ գործող և չգործող մեքենաներն ու տաղավարները 24 ժամ կայանած են կարմիր գծերով ավտոկայանտեղիներում կամ այլ տնտեսվարողների՝ իրենց հաճախորդների համար վճարած կայատեղիներում, տնտեսվարողների մի մասն աղբն իր ուժերով տեղափոխում է, ոմանք օգտագործում են քաղաքային աղբամանները, որոշ դեպքերում էլ աղբը կուտակվում է հենց մեքենաների կողքին:

«Մի այլ խնդիր է էլեկտրական հոսանքը, որը քաշել են հենասյուներից և հարակից տնտեսվարողներից, այն չի համապատասխանում անվտանգության տեխնիկական չափորոշիչներին: Կան տնտեսվարողներ, որոնք ասում են, որ պայմանագրեր են կնքել ՀԷՑ-ի հետ: Այդ դեպքում անհասկանալի է, ինչպես է շրջիկ մեքենան, որ ենթադրում է, թե պետք է շրջի կամ ցանկացած պահի անհրաժեշտ լինի տարածքը շտապ ազատել, ինչպես է պահպանվելու անվտանգությունը, ի՞նչ են անելու այդ լարերը»,-նշում է փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:

Շրջիկ առևտրի մասին օրենքի փոփոխություններն ու լրացումները կոչված են օգնելու տնտեսվարողներին ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի ողջ տարածքում՝ այդպիսով ստեղծելով գործարարության նոր ու մեծ հնարավորություններ:

Лента

Рекомендуем посмотреть