«Աղաչեն էլ՝ չեմ դառնա», բայց՝ դարձավ․ Սասուն Միքայելյանը՝ Երկրապահի նախագահ - RadioVan.fm

Онлайн

«Աղաչեն էլ՝ չեմ դառնա», բայց՝ դարձավ․ Սասուն Միքայելյանը՝ Երկրապահի նախագահ

2019-04-10 19:22 , Общество, 1447

«Աղաչեն էլ՝ չեմ դառնա», բայց՝ դարձավ․ Սասուն Միքայելյանը՝ Երկրապահի նախագահ

«Խնդրեն էլ, աղաչեն էլ՝ ես ԵԿՄ նախագահ չեմ դառնա»․ այդ մասին նախորդ տարվա հունիսի 7-ին լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր այդ ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Օրեր առաջ, սակայն, Սասուն Միքայելյանը, որը ներկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ է, «Երկրապահ կամավորականների միություն» (ԵԿՄ) հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում միաձայն ընտրվեց վարչության նախագահի պաշտոնում։

«Ես այսօր էս պաշտոնի պատասխանատվությունն եմ վերցրել, քանի որ իմ մարտական ընկերները պահանջել են և առաջարկել են իմ թեկնածությունը, և ես ոչ մի բարոյական իրավունք չունեի մերժեի իմ մարտական ընկերներին»,-ԵԿՄ նախագահ ընտրվելուց հետո իր ելույթում ասաց Միքայելյանը՝ հավելելով, որ պետք է նոր շունչ տալ ԵԿՄ–ին։

«Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, ի դեպ, ԵԿՄ-ն տարիներ շարունակ ղեկավարած Մանվել Գրիգորյանի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով առաջարկում էր նաև լուծարել այդ կառույցը։ 2018-ի հուլիսի 20-ին՝ Արտակ Ալեքսանյանի «Բանաձև» հաղորդաշարին հյուրընկալվելիս նա, հայտարարելով այդ մասին, նշել էր, որ դրա փոխարեն ազատամարտիկների հեղինակությունը բարձրացնելու նպատակով նախընտրելի է հիմնել նոր՝ «Պատերազմ անցած վետերանների» կամ մեկ այլ անվանումով ակումբ՝ որևէ կարգավիճակով։

«Երկրապահ կամավորականների միություն»-ը հիմնադրվել է 1993 թվականի հուլիսին՝ Հայաստանի Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ, որը և նախագահել է միությունը մինչև 1999 թվականը։ Նրա սպանությունից հետո միության 4-րդ համագումարում նախագահ է ընտրվել Մանվել Գրիգորյանը։ Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու, ուրիշի գույքը յուրացնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում Գրիգորյանին ձերբակալելուց հետո վարչության՝ 2018 թվականի հունիսի 24-ի արտահերթ նիստում նրա լիազորությունները ԵԿՄ նախագահի պաշտոնում՝ կասեցվեց։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть