«Երևանյան Հեռանկարներ». միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկը տրվելու է բրիտանական The Swingles լեգենդար վոկալ խմբի համերգով - RadioVan.fm

Онлайн

«Երևանյան Հեռանկարներ». միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկը տրվելու է բրիտանական The Swingles լեգենդար վոկալ խմբի համերգով

2019-04-10 21:44 , Культура, Шоу бизнес, 1193

«Երևանյան Հեռանկարներ». միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկը տրվելու է բրիտանական The Swingles լեգենդար վոկալ խմբի համերգով

«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական 20-րդ հոբելյանական փառատոնի մեկնարկը տրվելու է ապրիլի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում բրիտանական «The Swingles» լեգենդար վոկալ խմբի համերգով: Այս մասին հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից։

Երևանում խումբը հանդես կգա Look Back (ForWard) ծրագրով, որը հետհայացք է «Սվինգլ»-ի հիսունամյա փառահեղ երաժշտական պատմությանը: Այն ներառում է 60-ականների և 70-ականների երգիչ-երգահանների ստեղծագործություններ, մերօրյա բրիտանական ֆավորիտներ, Բախ, Սայմըն և Գարֆունկել, Բիթլզ և ավելին: «Սվինգլների» երկացանկը ընգրկում է համաշխարհային դասական, ջազ, էթնիկ, ժամանակակից` բոլոր ազգերի և ժամանակների երաժշտություն:

Հիսուն տարվա պատմություն և հինգ Գրեմմի մրցանակ ունեցող խումբը ձևավորվել է Փարիզում` Ուորդ Սվինգլի կողմից: Առաջին «Սվինգլները» էստրադային երգիչները` Շարլ Ազնավուրի, Էդիտ Պիաֆի և Միշել Լեգրանի ձայնակցողներն էին, նրանց մեջ էր նաև վերջինիս քույրը` Քրիստին Լեգրանը: Խմբին համաշխարհային ճանաչում է բերել 1960թ.-ին թողարկած Յոհան Սեբաստաին Բախի ստեղծագործությունների փոխադրումը ութ ձայների համար: «Սվինգլների» նորարարական և վիրտուոզ երգեցողությանը անմիջապես հիացական արձագանքներ են ուղղել Էլլա Ֆիցջերալդը, Եհուդի Մենուհինը, այլ մեծանուն երաժիշտներ:

Այսօր խմբի կազմում ընդգրկված են յոթ երգիչներ` Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և Գերմանիայից: «Սվինգլը» արդեն կես դար շարունակ ընդլայնում է վոկալ երաժշտության պատկերացումների հորիզոնը։ Նրանք դարձել են բազմամիլիոնանոց լսարանի սիրելիները, հոլիվուդյան և այլ հայտնի ֆիմերի սաունդթրեքերը ձայնագրելու համար: Խումբը համարվում է մոլորակի ակապելա երգեցողության բոլոր ժամանակների չգերազանցված վարպետը: Մարդկային ձայնով տարբեր երաժշտական գործիքների ձայների վերարտադրումը «Սվինգլների» չգերազանցված կարողությունն է, որը տասնյակ տարիների ընթացքում նմանակվել է բազմաթիվ կատարողների կողմից` ոգեշնչման աղբյուր դառնալով բազմաթիվ կոմպոզիտորների համար:

«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնը անց է կացվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: Փառատոնի 20-րդ հոբելյանական տարին իրականանում է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ: «Երևանյան Հեռանկարները» նոր էջ է բացել Հայաստանի երաժշտական կյանքում՝ երկու տասնյակ տարիների ընթացքում փոխելով իրականությունն ու ստեղծել նախկինում նմանը չունեցող միջավայր:

Лента

Рекомендуем посмотреть