«Սանիթեք»-ի աշխատանքը թե գոհացուցիչ չէր, հիմա է՛լ ավելի անբավարար է դարձել․ քաղաքապետարանը դեռ լուծում է փնտրում - RadioVan.fm

Онлайн

«Սանիթեք»-ի աշխատանքը թե գոհացուցիչ չէր, հիմա է՛լ ավելի անբավարար է դարձել․ քաղաքապետարանը դեռ լուծում է փնտրում

2019-04-11 18:34 , Общество, 1820

«Սանիթեք»-ի աշխատանքը թե գոհացուցիչ չէր, հիմա է՛լ ավելի անբավարար է դարձել․ քաղաքապետարանը դեռ լուծում է փնտրում

Վերջին շրջանում Երևանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է․արձանագրում են քաղաքային իշխանությունները, որոնք այսօր այդ մասին հայտարարություն են տարածել։

«Աղբահանության միակ օպերատորի աշխատանքը, որը մինչ այդ էլ գոհացուցիչ չէր, է՛լ ավելի անբավարար է դարձել: Աղբատար մեքենաների քանակաը չի բավականացնում, գործող մեքենաները գրեթե ամեն օր խափանվում են, գրեթե չեն թարմացվում և չեն համալրվում աղբամանները, եղածները չեն լվացվում ու մաքրվում:

Քաղաքապետարանի ու վարչական շրջանների կոմունալ ստորաբաժանումների, քաղաքապետարանի թեժ գծի ծառայության ու հասարակայնության հետ կապերի այլ միջոցներով անընդհատ ստանում ենք լցված աղբամաններով լուսանկարներ: Ահազանգերի մի մասի հետքերով գնում են կոմունալ ծառայության աշխատակիցները՝ փորձելով առավել վատթար վիճակում գտնվող փողոցներում ու բակերում իրավիճակային լուծումներ տալ: Անբավարար է նաև քաղաքի հանրային տարածքների սանմաքրման վիճակը:

Հայտնում ենք, որ քաղաքապետարանը ամենօրյա ռեժիմով աշխատում է՝ վիճակը բարելավելու և վերջնական լուծում տալու ուղղությամբ: Հարցի լուծման իրավական ընթացակարգը որոշակի ժամանակ է պահանջում, այնուհանդերձ, քաղաքապետարանը փորձում է հնարավորինս արագացնել գործընթացը, որպեսզի վերջապես ունենանք նորմալ աղբահանություն և մաքուր քաղաք:

Հայցում ենք երևանցիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը՝ աղբահանության օպերատորի անբավարար աշխատանքի համար»,-ասված է քաղաքապետարանի տարածած հայտարարությունում:

Երևանում 2014 թվականից սկսած սանմաքրման և աղբահանության աշխատանքներն իրականացնում է միակ՝ «Սանիթեք» ընկերությունը: Այս ընթացքում ծառայությունների ոչ պատշաճ իրականացման համար ընկերությունը, ոչ միայն զգուշացումներ է ստացել քաղաքային իշխանություններից, այլև՝ միլիոնավոր տուգանքներ է վճարել։

Ընկերությունն էլ, իր հերթին, աղբամանները չվնասելու վերաբերյալ բնակիչներին ուղղված կոչերով է հանդես եկել։

Օրեր առաջ էլ քաղաքապետ Հայկ Մարությանը «վերջնագիր» ներկայացրեց «Սանիթեք»-ին։

«Կա՛մ սանմաքրումն իրականացնում եք պատշաճ որակով, կա՛մ գործընթացը քաղաքը վերցնում է իր վրա»,-հայտարարել էր Մարությանը՝ ընդգծելով, որ Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть