«Որպեսզի Հայոց ցեղասպանությունը դադարի Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի խորհրդարաններում քննարկվել՝ այն պետք է քննարկման թեմա դարձնել Թուրքիայի խորհրդարանում, ա՛յն երկրի, որտեղ այդ հանցագործությունը տեղի է ունեցել»,-թվիթերում գրել է Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իտալիայի պատգամավորների պալատի որոշմանը և Ֆրանսիայի նախագահի հրամանագրին։
Գարո Փայլանի համոզմամբ՝ հայ ժողովրդի վերքը կարող է ապաքինել միայն այն արդարությունը, որը Թուրքիայում կգտնվի:
«Արևմտյան Հայաստանի՝ Անատոլիայի հայերը արդեն 104 տարի է` արդարության են սպասում»,-եզրափակել է գրառումը Թուրքիայի հայազգի պատգամավորը։
Ermeni Soykırımını; İtalya, Fransa, ABD meclislerinin konusu olmaktan çıkarmak için, büyük suçun yaşandığı yerin, Türkiye’nin meclisinin konusu yapmalıyız.
Ermeni halkının yarasını ancak, Türkiye’de bulunacak adalet iyileştirebilir. Anadolulu Ermeniler 104 yıldır adalet bekliyor.
— Garo Paylan - Կարօ Փայլան (@GaroPaylan) 11 апреля 2019 г.
Հիշեցնենք, որ 2 օր առաջ Իտալիայի Պատգամավորների պալատը ճանաչեց ու դատապարտեց Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրագործված Հայոց ցեղասպանությունը՝ կոչ անելով երկրի կառավարությանը ևս ճանաչել այն և խնդրին տալ միջազգային հնչեղություն, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 10-ի հրամանագրով ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի ազգային հիշատակի օր: