Ովքե՞ր են «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ նախօրեին կատարած սպանության կասկածյալները - RadioVan.fm

Онлайн

Ովքե՞ր են «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ նախօրեին կատարած սպանության կասկածյալները

2017-09-15 15:06 , Право, 2502

Ովքե՞ր են «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ նախօրեին կատարած սպանության կասկածյալները

Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.30-ին, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած միջադեպի բացահայտման ուղղությամբ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ, ԿՀԴՊ ԳՎ, Երևան քաղաքի և Լոռու մարզային վարչությունների ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողների ինքնությունը՝ 1957 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյան, 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյան և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել՝ Ա.Բլբուլյանին, Ա.Կարադավիդովին և Ռ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Հիշեցնենք՝ երեկ կեսօրին, Երևան քաղաքի Վերնիսաժի հարակից տարածքում՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մուտքի մոտ հնչած կրակոցներից սպանվել է Լոռու մարզի 43-ամյա բնակիչ Գագիկ Մոսինյանը, ևս մեկը՝ Վահագն Աբգարյանը, որը ևս Լոռու մարզից է (ծնված 1978 թ.), հրազենային վիրավորում է ստացել: Նա տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, ենթարկվել վիրահատության:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ինքնաձիգ և Մակարով տեսակի ատրճանակ:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողություններիարդյունքում պարզվել է, որ սպանությունը ծրագրված է եղել նախապես, պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, որոնցից երկուսը Ալավերդի քաղաքի բնակիչներ են, մեկը՝ Երեւանի։

Այսպես՝ նախնական քննության տվյալներով՝ նշված երեք անձինք Ալավերդի քաղաքի բնակիչ Վ.Աբգարյանին և նրան ուղեկցողներին սպանելու շուրջ ձեռք են բերել նախնական համաձայնություն և տեղյակ լինելով, որ վերջիններս գտնվում են Երևան քաղաքի Հանրապետության 48 հասցեում գործող հյուրանոցային համալիրում, 2017թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 6.30-ից, վարձակալած ավտոմեքենայով զինված դարանակալել են նշված հյուրանոցի դիմացի ավտոկայանատեղիում ու սպասել:

«Ժամը 13.25-ի սահմաններում նկատելով, որ Վահագն Աբգարյանը և նրան ուղեկցողները դուրս են գալիս հյուրանոցից՝ նշված երեք անձինք ավտոմեքենայից դուրս են եկել և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով բազմաթիվ կրակոցներ արձակել հյուրանոցի մուտքի դիմաց կանգնած Վ.Աբգարյանի, Գ.Մոսինյանի և մյուսների ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Գ.Մոսինյանը տեղում մահացել է, իսկ Վ.Աբգարյանը՝ տեղափոխվել հիվանդանոց»,-հայտնում են Քննչական կոմիտեից:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվող անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть