«Ներկայացրեք նոր բացված 50 հազար աշխատատեղերին վերաբերող տեղեկանք»․ պահանջ՝ Փաշինյանին - RadioVan.fm

Онлайн

«Ներկայացրեք նոր բացված 50 հազար աշխատատեղերին վերաբերող տեղեկանք»․ պահանջ՝ Փաշինյանին

2019-04-15 17:20 , Политика, 1226

«Ներկայացրեք նոր բացված 50 հազար աշխատատեղերին վերաբերող տեղեկանք»․ պահանջ՝ Փաշինյանին

«Ժառանգություն» կուսակցությունը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որով, հաշվի առնելով 50 հազար աշխատատեղ ստեղծելու վերաբերյալ վարչապետի օրեր առաջ արած հայտարարությունը, խնդրում և պահանջում է նրանից ներկայացնել դա փաստող տեղեկանք։

Բաց նամակում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի պարոն վարչապե′տ, ապրիլի 11-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում՝ Դուք հայտարարեցիք, որ Ձեր իշխանության օրոք Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 50 հազար աշխատատեղ։ Սա չափազանց պատասխանատու և մեր պետության ու քաղաքացու համար մեծ կարևորություն ունեցող պնդում է, որից էապես կախված է հայրենի կառավարության սոցիալական քաղաքականության հանդեպ վստահության աստիճանը:

«Ժառանգություն» կուսակցությունը, որպես ՀՀ քաղաքացու տեղեկացվածության և իրազեկման սահմանադրական իրավունքի հետևողական պաշտպան, խնդրում և պահանջում է, որ Դուք ներկայացնեք նոր բացված այս 50 հազար աշխատատեղերին վերաբերող տեղեկանք, որն, ըստ ամենայնի, Ձեզ համար արդեն պետք է կազմած լինեին կառավարության պատկան ատյանները:

Մենք ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակված նյութերում չգտանք հավաստումը Ձեր նշած նորահայտ աշխատատեղերի, ավելին՝ փետրվար ամսվա պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աշխատունակ բնակչության 20,8 %-ը՝ 228,8 հազար մարդ գործազուրկ է, որը նախորդ ամիսներին արձանագրված ցուցանիշերից գրեթե չի տարբերվում:

Արդյունաբերությանը և տնտեսության այլ ոլորտներին վերաբերող վերլուծականներն էլ փաստում են, որ շատ ճյուղերում, մասնավորապես՝ մետաղագործության և հանքարդյունաբերության մեջ, ունենք ցուցանիշերի ակնհայտ անկում, որը բնականաբար ուղեկցվել է աշխատատեղերի փակմամբ:

Լիահույս ենք, որ ի հաստատումն Ձեր ղեկավարած կառավարության աշխատանքի թափանցիկության հռչակված սկզբունքի, կհրապարակեք տեղեկանք, որից ՀՀ քաղաքացիների համար պարզ կդառնա, թե քանի աշխատատեղ է իրականում բացվել, տնտեսության որ ոլորտներում է գրանցվել նման առաջընթաց: Ինչպես նաև ակնկալում ենք համապատասխան տեղեկատվություն, թե որքան աշխատատեղ է փակվել ձեր կառավարության գործունեության ընթացքում:

Հասարակությանը կողմնորոշելու հրապարակային այլ մեթոդները համոզիչ չեն, և չեն կարող ՀՀ քաղաքացիների բոլոր շերտերի համար բացահայտել, թե որքանով է արդյունավետ տնտեսական հեղափոխության նոր քաղաքականությունը բնակչության զբաղվածության ոլորտում:

Ակնկալելով Ձեր պատասխանը, հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀՀ նախորդ իշխանությունները ևս տրվում էին իրականության առասպելականացման գայթակղությանը, ինչպես, օրինակ, Սերժ Սարգսյանը, որը հայտարարում էր Հայաստանում 4 մլն բնակչության տեսլականը, տնտեսական աճի բարձր տեմպերը, բայց այդ առասպելականացումը հանգեցրեց նրանց իշխանության վարկաբեկմանը և, ի վերջո, ժողովրդական հեղափոխությանը»:

Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին հանդես գալով ելույթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Մեզ հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության իրական պայմաններ ստեղծել:

Մենք ամենօրյա ռեժիմով կրճատում ենք ստվերային տնտեսությունը. վերջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել, և ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ, որն աշխատաշուկայի ընդհանուր թվի տասը տոկոսն է: Մեր բյուջեի եկամտային մասի լրջագույն գերակատարումներ են արձանագրվել, և մենք մտադիր ենք 2019 թվականի բյուջեի եկամտային մասը գերակատարել շուրջ 70 մլն եվրոյով` առնվազն 70 մլն եվրոյով, որը մեր բյուջեի եկամտային մասի 2,6 տոկոսն է»:

Лента

Рекомендуем посмотреть