Հեմոֆիլիայի միջազգային օրն է․ ՀՀ-ում 249 հիվանդ է գրանցված - RadioVan.fm

Онлайн

Հեմոֆիլիայի միջազգային օրն է․ ՀՀ-ում 249 հիվանդ է գրանցված

2019-04-17 17:21 , Медицина, здоровье, 1757

Հեմոֆիլիայի միջազգային օրն է․ ՀՀ-ում 249 հիվանդ է գրանցված

Այսօր Հեմոֆիլիայի միջազգային օրն է, այն նշվում է 1989 թվականից՝ Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ։

Հեմոֆիլիայով տառապող հիվանդների թիվն աշխարհում հասնում է 400 հազարի (10 հազար տղամարդուց մեկը):

ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» հեմոֆիլիայի ռեգիստրում գրանցված է հեմոֆիլիայի տարբեր տեսակներով 249 հիվանդ, որոնցից 50-ը մինչև 18 տարեկան են:

«Հայաստանում այս հիվանդության բուժումը գտնվում է պետության հովանու ներքո, դեղորայքը հիվանդներին տրամադրվում է անվճար: Այն բավարարում է միայն սուր դեպքերի համար: Մնացած դեպքերում բուժումը կազմակերպվում է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի աջակցությամբ հումանիտար ճանապարհով ստացվող դեղերի միջոցով»,-նշում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հեմոֆիլիան արյան մակարդման համակարգի հիվանդություն է, որը պայմանավորված է մակարդման գործոնների պակասով և անցնում է ժառանգաբար` կապված X քրոմոսոմի հետ: Արյան մակարդման ժառանգական հիվանդություններից 92-95%-ը կազմում են հեմոֆիլիաները` A, B, C և Վիլլեբրանդի գործոնի անբավարարությունը:

Հիվանդությունը կլինիկորեն դրսևորվում է տարաբնույթ արյունահոսություններով, արյունազեղումներով հոդերում, մկանային բունոցներում և օրգանիզմի այլ խոռոչներում: Կրկնվող ներհոդային արյունազեղումներն առաջացնում է հոդերի քրոնիկական բորբոքում, հետագայում հանգեցնում հաշմանդամության: Բուժման միակ միջոցը մակարդման անբավարար սպիտակուցի ներարկումն է: Վաղ տարիքից պակաս գործոնի կանխարգելիչ ներարկումները թույլ են տալիս բացառել արյունահոսությունները, ներհոդային և մկանային արյունազեղումները և կանխել հաշմանդամությունը: Հակահեմոֆիլային պատրաստուկներով բուժումն ունի իր առավելությունները, սակայն դեղորայքի ամբողջ ծավալով ապահովումը թանկարժեք է: Մեկ հիվանդի հակահեմոֆիլային պատրաստուկի տարեկան պահանջարկի արժեքը կազմում է 12000 – 15000 դոլար:

Лента

Рекомендуем посмотреть