Онлайн

Երևանում առաջին դասարանցիների ընդունելությունը կկատարվի առցանց համակարգով՝ մայիսի 15-ից

2019-04-18 17:55 , Образование, 188

Երևանում առաջին դասարանցիների ընդունելությունը կկատարվի առցանց համակարգով՝ մայիսի 15-ից

Մայիսի 15-ից կգործարկվի Երևանում առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը

2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով:

Առցանց համակարգը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին` ժամը 09:00-ին:

«Յուրաքանչյուր ծնող աշխարհի ցանկացած վայրից կարող է հայտագրվել առցանց հարթակում, ամրագրել տեղը։ Գաղափարի հիմնական նպատակը հավասար, թափանցիկ մեկնարկային պայմաններ ապահովելն է բոլոր համար։ Նախնական ծրագիրը լինելու է միայն Երևանում, այնուհետև կներդրվի նաև մարզերում»-ՀՀ կրթության և գիտության նախարարությունում (ԿԳՆ) այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասել է նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը՝ նշելով, որ գործարկվելիք առցանց համակարգով նախատեսվում է ավելի քան 13 հազար առաջին դասարանցու ընդունելություն։

Լ. Առաքելյանը հատուկ ընդգծել է՝ Երևանի հիմնական դպրոցներին հանձնարարված է որևէ ինքնիրավչության չդիմել:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի /ԿՏԱԿ/ տնօրեն Արտակ Պողոսյանի տեղեկացմամբ՝ առցանց հայտագրման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝ մուտք գործել հայտագրման համակարգի էջ՝ hayt.emis.am, ընտրել համայնքը, ապա դպրոցների ցանկից՝ դպրոցը, ստուգել, թե որտեղ կան ազատ տեղեր և սեղմել «ավելացնել հայտ» կոճակը։ Եթե կոճակն ակտիվ չէ, նշանակում է՝ տվյալ դպրոցում ազատ տեղեր չկան, հետևաբար, պետք է ընտրել մեկ այլ դպրոց։

Այնուհետև պետք է մուտքագրել ծնողներից մեկի հանրային ծառայությունների, այսինքն՝ սոցիալական քարտի համարանիշը, ծնողի անունը, ազգանունը, գործող էլեկտրոնային փոստի հասցեն և սեղմել «շարունակել» կոճակը։ Այս քայլերը կատարելուց հետո համակարգում կհայտնվի երեխայի սոցիալական քարտի համարանիշը մուտքագրելու համար անհրաժեշտ դաշտը։ Մուտքագրումից հետո համակարգը բնակչության պետական ռեգիստրից ավտոմատ կներբեռնի երեխայի անձնական մյուս տվյալները՝ անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ։

Տվյալները ստուգելուց հետո սեղմել «շարունակել» կոճակը, էկրանի վրա կհայտնվի հայտի հաստատումը հավաստող էջն ու Ձեր էլփոստին կուղարկվի ծածկագիր։ Ծածկագիրը տեղադրելով վերևի պատուհանում կարող եք մուտք գործել Ձեզ համար ստեղծած էջ և տեսնել տեղեկատվություն դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և դրանք դպրոց ներկայացնելու ժամկետի մասին։

Սահմանված վերջնաժամկետոմ փաստաթղթերը դպրոց չներկայացնելու դեպքում հայտը կչեղարկվի։ Համակարգը նաև հնարավորություն է տալիս սեփական ցանկությամբ Ձեր էջի միջոցով չեղարկել հայտագրումը և ընտրել նոր դպրոց։

Ի դեպ՝ հնարավոր խնդիրներից և դպրոցների կողմից ընդունելության գործընթացին միջամտելու փորձերը բացառելու նկատառումից ելնելով համակարգում ներդրվել է նաև պաշտպանական մեխանիզմ:

Մասնավորապես այդ նպատակով` Երևանի հիմնական դպրոցների համակարգիչներից մուտքը դեպի հայտագրման համակարգ արգելափակվելու է:

«Բացի այդ` ապրիլի 19-ից կգործարկվի նաև stugum.emis.am կայքը, որի միջոցով մինչև հայտագրման համակարգի գործարկումը, ծնողները կարող են ստուգել իրենց և իրենց երեխաների անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը: Ստուգման համար պետք է ընդամենը մուտքագրել հանրային ծառայությունների կամ որ նույնն է` սոցիալական քարտի համարանիշը և ստուգել, արդյոք իր և երեխայի տվյալները գրանցված են: stugum.emis.am համակարգը ստուգում է նաև ծնող-երեխա կապը հավաստող անձնական տվյալների հավաստիությունը: Սա արվել է այն նպատակով, որ որևէ այլ անձ մեկ այլ երեխայի հայտագրելու հնարավորություն չունենա: Տվյալների մեջ խնդիրներ հայտնաբերելու դեպքում, պետք է դիմել անձնագրային կամ քաղաքացիական ակտերի գրանցման բաժին` անճշտությունները վերացնելու համար»,- նշել է Արտակ Պողոսյանը: ԿՏԱԿ-ի տնօրենը նաև նշել է, որ հայտարգրման համակարգը գործարկվելուց հետո բաց է լինելու և գործելու է մշտապես` կապ ապահովելով նաև դպրոցների առցանց կառավարման համակարգի հետ:

Ծնորղներին իրազեկելու նպատակով ԿԳՆ-ի կողմից կթողարկվեն նաև սոցիալական տեսահոլովակներ, որոնք կհեռարձակվեն տարբեր հարթակներում:

Лента

Рекомендуем посмотреть