Դպրոցական աբոնեմենտային համակարգի շնորհիվ շուրջ 370 հազար աշակերտ անվճար կայցելի թատրոններ և համերգասրահներ - RadioVan.fm

Онлайн

Դպրոցական աբոնեմենտային համակարգի շնորհիվ շուրջ 370 հազար աշակերտ անվճար կայցելի թատրոններ և համերգասրահներ

2019-04-25 15:46 , Образование, 2366

Դպրոցական աբոնեմենտային համակարգի շնորհիվ շուրջ 370 հազար աշակերտ անվճար կայցելի թատրոններ և համերգասրահներ

«E-CULT» դպրոցական աբոնեմենտային նախագծի շրջանակում նախատեսվում է շուրջ 370 հազար աշակերտի այցելություն թատրոններ և համերգասրահներ․ ՀՀ կրթության և գիտության նախարարի Արայիկ Հարությունյանը գործադիրի այսօրվա նիստում հիշեցրել է, որ նախագիծը մեկնարկել է նախորդ շաբաթ, իսկ մինչ այդ արդեն մեկնարկել էր դպրոցականների այցը՝ պատկերասրահներ և թանգարաններ։

«Սա էլեկտրոնային հարթակ է և կոչ եմ անում ծնողներին, ծնողական խորհուրդներին, ուսուցիչներին, առավելագույնս խրախուսել, որ աշակերտները գրանցվեն և այցելեն այդ մշակութային հաստատությունները»,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը։

«Սա նշանակում է, որ այս տարի հանրակրթական դպրոցներում սովորող բոլոր աշակերտներին հնարավորություն են տալիս՝ պետական բյուջեի հաշվին տարին մեկ անգամ այցելել թատրոն, համերգասրահ և թանգարան»,-հստակեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով ուսուցիչների ներգրավվածությունը ծրագրում:

«Մենք մշակույթը և կրթությունը տեսնում ենք նույն տրամաբանության մեջ, և մշակույթին վերապահում ենք կրթական դերակատարում: Կրթությունը մշակութային երևույթ է, նաև սրանով են պայմանավորված կառուցվածքային փոփոխությունները, որ մենք իրականացնում ենք կրթության և գիտության, մշակույթի նախարարությունները միավորելով»,-հավելել է վարչապետը:

Ս․թ․ապրիլի 19-ին գործարկված «E-CULT» դպրոցական աբոնեմենտային համակարգը ստեղծվել է ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, Dasaran կրթական ծրագրի համագործակցության արդյունքում։ Այն պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտներին հնարավորություն է տալիս ծանոթանալ մշակութային հաստատությունների մասին տեղեկատվությանը, ընտրել ներկայացման կամ միջոցառման օրը, ինչպես նաև հրավիրել ընկերների և համատեղ այց կազմակերպել: Այդպիսով՝ աշակերտները ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն կունենան անվճար հիմունքներով այցելել երեք մշակութային հաստատություն՝ թանգարան, թատրոն և համերգասրահ: Համակարգը նպատակաուղղված է զարկ տալու աշակերտների շրջանում մշակութային արժեքների ձևավորմանը և ուղղորդելու նրանց նոր ձևաչափով բացահայտելու մշակույթի հետաքրքիր ու բազմազան աշխարհը:

Лента

Рекомендуем посмотреть