Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը - RadioVan.fm

Онлайн

Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

2019-04-27 17:31 , Политика, 1749

Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Պորտուգալիայի խորհրդարանն ապրիլի 26-ին ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ Համապատասխան փաստաթուղթը ներկայացված է Պորտուգալիայի խորհրդարանի կայքում։

Բանաձևում նշվում է, որ 1915 թվականի ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարության հրամանով բանտարկվել, ապա սպանվել են շուրջ 250 հայ մտավորականներ և հասարակական առաջնորդներ։ Արձանագրվում է, որ 800 հազարից մինչև 1.5 միլիոն հայեր ցեղասպանության զոհ են դարձել։

«Օսմանյան իշխանության կողմից հայերի սիստեմատիկ բնաջնջումը պատմաբանների միջազգային հանրության կողմից համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը», - ասված է տեքստում։

Պորտուգալիայի խորհրդարանը ցավ է հայտնում հայերի ցեղասպանության զոհերի կապակցությամբ՝ նրանց հիշատակը դիտարկելով որպես ժողովուրդների հաշտեցման և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության էական տարր։ Բանաձևում նաև նշվում է, որ թեև օսմանյան ռազմական դատարանները ցեղասպանության կազմակերպիչներին 1919-1920 -ին դատապարտել են մահապատժի, սակայն այդ դատավճիռները կյանքի չեն կոչվել։ Խորհրդարանը հայտարարում է, որ հաշվի առնելով աշխարհում ազգայնականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության ներկա մակարդակը, անցյալի տառապանքի հիշողությունն էական նշանակություն ունի։

Այսկերպ խորհրդարանը վերահաստատում է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իր հանձնառությունը և ընդգծում է ժողովուրդների, կրոնների, մշակույթների և քաղաքակրթությունների միջև երկխոսության ամրապնդման կարևորությունը։ Բանաձևում նշվում է նաև, որ նույն ցեղասպանության քաղաքականության զոհ են դարձել նաև Օսմանյան կայսրության այլ քրիստոնյա փոքրամասնությունները։

Лента

Рекомендуем посмотреть