Մայիսմեկյան երթ՝ արժանապատիվ ապագայի ակնկալիքով - RadioVan.fm

Онлайн

Մայիսմեկյան երթ՝ արժանապատիվ ապագայի ակնկալիքով  

2019-05-01 17:47 , Общество, 1287

Մայիսմեկյան երթ՝ արժանապատիվ ապագայի ակնկալիքով

Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը Աշխատանքի օրվա կապակցությամբ Երևանում այսօր երթ է անցկացրել, որը թմբուկների զարկերի ուղեկցությամբ մեկնարկել է Հյուսիսային պողոտայից` ավարտվելով Հանրապետության հրապարակում։

Հայաստանի աշխատավորներին ողջ աշխարհի աշխատավորների շարժման մասնիկը դարձնելուց զատ՝ մայիսմեկյան երթի կազամկերպիչները այլ նպատակ ևս ունեին՝ հրապարակայնորեն ներկայացնել աշխատողների շահերը և բարձրաձայնել աշխատանքային հարաբերություններում առկա խնդիրների մասին։ Երթի կազմակերպիչ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը քաջածանոթ է դրանց․ կենսապահովման նվազագույն զամբյուղի հետ անհամատեղելի ցածր նվազագույն աշխատավարձ, թաքնված գործազրկություն, ցածր կենսաթոշակ և այլն։

Երթն ընթանում էր տարաբովանդակ գրությամբ ցուցապաստառներով, «Սոցիալական արդարություն», «Թեթև արդյունաբերությանը ծանր մոտեցում», «Հարգենք պետական աշխատողին», «Աշխատավոր մարդուն արժանապատիվ աշխատանք, արժանապատիվ աշխատավարձ»։ Երթի մասնակիցներին միավորում էր մեկ ցանկություն՝ աշխատատեղեր՝ արժանապատիվ աշխատավարձով։

Այսօր աշխարհի ավելի քան 142 երկրի քաղաքացիներ տոնում են Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը, որը արդյունքն է աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով 1886թ. Չիկագոյում բողոքի դուրս եկած ամերիկացի աշխատավորների արյունալի պայքարի։ Մայիսի 1-ը՝ որպես Աշխատավորների համերաշխության միջազգային տոն, առաջին անգամ նշվել է 1890թ․։ Հայաստանյան օրացույցում այն ամրագրված է որպես Աշխատավորի օր։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը 2018-ի համեմատ նվազել է 4 տոկոսով․աշխատանք փնտրում 81 914 մարդ, նրանցից 64 618-ը գործազուրկ են՝ 43 108-ը կանայք։ Գործազրկության ամենաբարձր մակարդակը Շիրակում է․այդ մարզում աշխատանք փնտրողների թիվը 15 հազար 451 է։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть