«Կոչվում է ցեղասպանություն». Մեքսիկայի խոշորագույն «Excelsior» պարբերականում հրապարակվել է հոդված Հայաստանի մասին - RadioVan.fm

Онлайн

«Կոչվում է ցեղասպանություն». Մեքսիկայի խոշորագույն «Excelsior» պարբերականում հրապարակվել է հոդված Հայաստանի մասին

2019-05-03 13:08 , Общество, 1171

«Կոչվում է ցեղասպանություն». Մեքսիկայի խոշորագույն «Excelsior» պարբերականում հրապարակվել է հոդված Հայաստանի մասին

Մեքսիկայի խոշորագույն «Excelsior» պարբերականում լույս է տեսել մեքսիկացի հայտնի գրող, քաղաքական մեկնաբան Ֆեդերիկո Ռեյես Էրոլոսի «Կոչվում է ցեղասպանություն» /Se llama genocidio/ խորագրով հոդվածը։ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունն ներկայացրել է հոդվածի թարգմանությունը:

Կոչվում է ցեղասպանություն
սպանված, բռնի քարավաններում տեղահանված մոտ 1,5 միլիոն մարդկային էակներ...

Մոռացությունը մահվան տեսակ է։ Հիշել նշանակում է նոր կյանք ստանալ։ Պատմության մեջ կան իրադարձություններ, որոնք չպետք է մոռացության մատնվեն։ Քաղաքակրթական գործընթացը պահանջում է մշտապես աչքի առջև ունենալ մարդկության մեծագույն ձեռքբերումները, սակայն նախևառաջ այն սարսափները, որոնց ունակ է մարդ արարածը։ Այդ առնչությամբ լռությունը հանցակցություն է։ Հայոց ցեղասպանությունը պայքարել է մեկ դարից ավելի սարսափների պատմության մեջ իր տեղն ունենալու համար։ Չենք լռելու։

Մոտ 1,5 միլիոն մարդկային էակներ, որոնք սպանվել են բռնի քարավաններում տեղահանություններից, ծանրագույն պայմաններում քաղցից, ծարավից, հիվանդություններից, ուղեկցող զինվորականների բռնություններից, որոնք կոչված էին իրենց պաշտպանելու։ Անպատկերացնելի խայտառակություն։ 1915 թվականի ապրիլի 24-ից օսմանյան իշխանությունները որոշեցին բնաջնջել իրենց կողմից քրիստոնեական փոքրամասնություն ընկալվող մի ազգի։ Ակնառու են կատարվածի մասին պատմական մեծաքանակ փաստերը, սահմռկեցուցիչ վկայությունները։ Ազգայնական ֆանատիզմը, այդ պահին կայսրության իշխանությունների պանիսլամական ձգտումները – այսպես կոչված «երիտասարդ թուրքերը» - ձեռնարկեցին հետապնդումներ, հանդիսանալով մարդկության համար իրական ամոթալի երևույթ։

Այն դաժան ցեղասպանություն էր, որն այսօր ճանաչված է որպես ժամանակակից պատմության առաջին ցեղասպանություն, Հոլոքոստից հետո երկրորդ ամենաշատ ուսումնասիրված երևույթը։ Առաջին տարիներին տիրում էր զարմանքը և ապշահարությունը։ Դանդաղորեն աշխարհը սկսեց ճանաչել և ընդունել Հայոց ցեղասպանության սարսափը, որը մշուշվել էր Առաջին աշխարհամարտի հետևանքով. այնուհետև տասնամյակներ թաքցվել էր կայսրության դաշնակիցների կողմից։ Ցեղասպանությանից մազապուրծ փրկվածները հայտնվեցին հեռավոր վայրերում՝ այլոց թվում Ավստրալիա, Ճապոնիա, Արգենտինա, Միացյալ Նահագներ և Մեքսիկա։ Միջազգային հանրության անդամ հանդիսացող աճող թվով պետություններ՝ մոտ 30, որոնց վերջերս միացավ նաև Պորտուգալիան, վկայությունները հաշվի առնելով ընդունել են, որ կատարվածը ցեղասպանություն է։

Ֆրանսիան և ԱՄՆ-ի 51 նահանգներից 50-ը, բազմաթիվ այլ երկրներ, որտեղ կան հայ համայնքներ, իրենց հարգանքի տուրքն են մատուցում ցեղասպանության զոհերին։ Հիշատակում են այն մոռացության չմատնելու համար։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ապրիլի 24-ը հռչակեց որպես այդ ցեղասպանության հիշատակի օր։ Սա էթիկայի, խղճի, կեղծավորությունը և ժխտողականությունը մերժելու և կատարված դեպքերն ընդունելու հարց է։

Սակայն, բնականաբար, թուրքական կառավարությունը շարունակում է ժխտել ցեղասպանության փաստը, և Էրդողանի մոլագարությունն այս ապրիլի 24-ին հասավ նրան, որ նա հայտարարեց. «…հայ ավազակախմբերի և նրանց աջակիցների տեղահանումներն այն ժամանակ ընդունված ամենաողջամիտ որոշումն էր», զուգահեռաբար հայերին մեղադրելով մահմեդական բնակչության սպանությունների մեջ:

Աշխարհը գլխիվայր։ Սա մարդու իրավունքների ջատագով հանդիսացող երկրներին, այդ թվում Մեքսիկային դնում է ընտրության առջև. ընդունել այն չարձագանքելով կամ իրենց ձայնը բարձրացնել քաղաքակրթությանը մարտահրավեր նետած «ժխտողականությանը» վերջնականապես անկյուն քշելու համար։ Հռոմի Պապ Ֆրանսիսկոսն այդ մասին արտահայտվել է ամենայն պարզությամբ՝ այն ցեղասպանություն էր։ Հայոց ցեղասպանությունը նա համեմատել է նացիզմի, Ստալինի բռնությունների, Կամբոջայում, Ռուանդայում, Բուրունդիում և Բոսնիայում կատարվածների հետ։ Բոլոր նշված դեպքերն ունեն տարբեր ծավալներ, սակայն նույն բնաջնջողական բնույթը, որը պետք է բացահայտվի, մերկացվի և դատապարտվի։ Ֆրանսիսկոսը քաջատեղյակ էր իր խոսքերի հետևանքներին և թվում է, որ հենց դրան էլ նա ձգտում էր, խոսելով այդ դեպքերի մասին «․․․որոշները փորձում են բնաջնջել մնացյալին փոքրամասնության միջոցով, և այլոց լռության հանցակցությամբ, որոնք միայն դիտորդի դերում են լինում»։

Վայրիվերումներով, սակայն Մեքսիկան հստակորեն դիրքավորվում է որպես խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանության ջատագով։ Այդ առնչությամբ ստորագրել ենք բազմաթիվ միջազգային համաձայնագրեր, ներառյալ` «ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխման և դատապարտման կոնվենցիան»։ Մենք պարտավորված ենք ունենալ հստակ դիրքորոշում այդ հարցի առնչությամբ, նաև մեր աչքի առջև ունենալով թուրքական զայրույթի հեռանկարը։ Սակայն մյուս կողմից, պրագմատիզմի և լռության միջոցով թույլ ենք տալիս, որ սուտը և փաստերի պարտակումը ճանապարհ հարթեն նույնանման դաժանությունների համար։ Ավելին, դրանց տալիս ենք պաշտոնական ճանաչում։ Սկզբունքներն են, որ մեծարում են ազգերին։ Բառերը չպետք է քողարկել և շփոթել։ Սա կոչվում է ցեղասպանություն։ Մեքսիկան չպետք է սխալվի։

Лента

Рекомендуем посмотреть