Հայաստանում մարդիկ ջերմ են և հյուրընկալ. Երևանում մենահամերգով հանդես է գալու լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչը - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում մարդիկ ջերմ են և հյուրընկալ. Երևանում մենահամերգով հանդես է գալու լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչը

2019-05-13 16:14 , Культура, Шоу бизнес, 1507

Հայաստանում մարդիկ ջերմ են և հյուրընկալ. Երևանում մենահամերգով հանդես է գալու լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչը

«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում մայիսի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ Երևանում հանդես կգա լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչը:

Համերգային երեկոյին Պոգորելիչը կկատարի Մոցարտի, Շոպենի և այլ մեծանուն կոմպոզիտորների հանրահայտ ու սիրված ստեղծագործություններ:

«Ինձ համար կարևոր է այսօրվա համերգային երեկոն. հիմա միայն դրա մասին եմ մտածում: Յուրաքանչյուր համերգի անում եմ ավելին, քան նախորդին, ու այդպես ընդունված չափանիշներից բարձրանում եմ: Դրա համար պատրաստվել է անհրաժեշտ»,- մայիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց երաժիշտը:

Նա նշեց, որ կյանքում և ստեղծագործական աշխատանքում իր կարևորագույն սկզբունքը զինվորական կարգապահությունն է: Պոգորելիչը խոստովանեց, որ սիրում է քայլել անձրևի տակ, բայց հաճախ ստիպված է լինում հրաժարվել իր նախասիրություններից, քանի որ պետք է նստել կիսամութ սենյակում ու պարապել, քանի որ դա է իր կոչումն ու պարտականությունը:

Խոսելով Երևանից` դաշնակահարն ընդգծեց, որ մեծագույն բավականություն է ստանում քաղաքից: «Գիտեի, որ Երևանը գեղեցիկ է, բայց տեսա որ նաև մարդիկ են շատ ջերմ ու հյուրընկալ: Հրաշալի մթնոլորտ է»,- եզրափակեց դաշնակահարը:

Դեռևս քսանամյա Իվոյին դաշնակահարուհի Մարթա Արգերիխն անվանեց հանճար, որի համերգները հետագայում դարձան կուլտային և սենսացիոն: Պոգորելիչը նվագել է Վիեննայի, Բեռլինի, Բոստոնի, Չիկագոյի, Լոնդոնի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Ցյուրիխի Տոնհալե, Կոնսերգեբաու նվագախմբերի հետ: Նրա ձայնագրած 14 ձայներիզները շարունակում են մնալ կատալոգների առաջին տողերում` ունենալով ունկնդիրների ամենամեծ քանակը:

Հայտնի են Պոգորելիչի բարեգործական և երիտասարդ երաժիշտներին աջակցելու նախաձեռնությունները: Նրա անվան հետ են կապված փառատոներ Գերմանիայում և ԱՄՆ-ում` Նյու Յորքի Քարնեգի Հոլում և Մանհեթենում, իսկ Փասադենայում անցկացվող «Իվո Պոգորելիչ» մրցույթը սահմանել է աննախադեպ 100,000 դոլար մրցանակ` ի շահ նորահայտ տաղանդների:

Իվո Պոգորելիչն առաջին դասական երաժիշտն է, որին 1988 թվականին պատիվ է ընձեռնվել ստանալ ՅՈՒՆԵՍԿՈ-ի բարի կամքի դեսպանի կոչումը:

2019 թվականը դաշնակահարի համար հոբելյանական է: Նա տոնում է ծննդյան 60 և ստեղծագործական գործունեության 40-ամյակները:

Հոբելյանական շրջագայությունները կանցկացվեն Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Հեռավոր Արևելքում: Ճապոնիայի պետական հեռուստաընկերությունը նկարահանում է լիամետրաժ վավերագրական ֆիլմ` նվիրված արտիստի կյանքին և գործունեությանը:

Лента

Рекомендуем посмотреть