Ազատության մեջ գտնվելիս Քոչարյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ․ Արցախի նախագահները երաշխավորեցին - RadioVan.fm

Онлайн

Ազատության մեջ գտնվելիս Քոչարյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ․ Արցախի նախագահները երաշխավորեցին

2019-05-16 18:53 , Право, 1785

Ազատության մեջ գտնվելիս Քոչարյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ․ Արցախի նախագահները երաշխավորեցին

Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում, որտեղ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին հարցը, վերահաստատել են իրենց կողմից ներկայացված անձնական երաշխավորությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:

Դատարանը նրանց դարձյալ տեղեկացնելով, որ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու, առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ՝ նշել է, որ նախագահները պարտավորել են երաշխավորել, որպեսզի ազատության մեջ գտնվելիս Քոչարյանը պահպանի օրենքով սահմանված ընթացակարգը։

Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ընդգծել են, որ իրենք տեղյակ են ու վերահաստատել են, որ պատրաստ են ստանձնել այդ պատասխանատվությունը և ստորագրել երաշխավորագրերը:

Երաշխավորության մեջ մասնավորապես ասվում է․

«Հաշվի առնելով Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վաստակը հայկական երկու հանրապետությունների կայացման հարցում, նրա հսկայական ավանդը Արցախյան պատերազմում և հայոց բանակաշինության մեջ, երաշխավորում ենք՝ Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք: Երաշխավորում ենք ազատության պայմաններում դատավարության ողջ ընթացքում նրա ներկայանալը դատարան և դատավարական պարտականությունների կատարումը, ուստի խնդրում ենք՝ կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով»:

Արցախի նախագահներից յուրաքանչյուրը 500-հազարական դրամ կվճարեն Ռոբերտ Քոչարյանին ազատության մեջ տեսնելու համար։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть