Այսօր վերջինն հրաժեշտն են տվել ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Աշուղյանին - RadioVan.fm

Онлайн

Այսօր վերջինն հրաժեշտն են տվել ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Աշուղյանին

2019-05-17 18:15 , Культура, Шоу бизнес, 1207

Այսօր վերջինն հրաժեշտն են տվել ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Աշուղյանին

Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը վերջին հրաժեշտն են տվել ՀՀ ժողովրդական արտիստ,Երևանի պատվավոր քաղաքացի, պրոֆեսոր, բեմադրիչ Հրաչյա Աշուղյանին։

Հայ թատրոնի վաստակաշատ երախտավորի մասին իրենց կարծիքներով ու տրամադրություններով են կիսվել նրա գործընկերները, ուսանողները։

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Հրաչյա Աշուղյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողովի տեղեկացմամբ 80-ամյա բեմադրիչը վերջին հանգրվանը կգտնի Երևանի քաղաքային պանթեոնում։

Հրաչյա Աշուղյանը ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 7-ին, Թբիլիսիում: 1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1963-75 թվականներին աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1975 թվականից` հայկական հեռուստաթատրոնում որպես ռեժիսոր, հետագայում` գլխավոր ռեժիսոր: 1967 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2002 թվականից` պրոֆեսոր), 1992 թվականից` Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում: 1975 թվականից հեռուստաթատրոնում բեմադրել է Լ. Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները», Ե. Օտյանի «Թաղականին կնիկը», Զ. Դարյանի «Օր առանց մայրամուտի», Մ. Մրոժեկի «Վտարանդիներ», Գ. Սունդուկյանի 4 վոդևիլի հեռուստաներկայացումները: Մի շարք զանգվածային թատերականացված հանդիսությունների հեղինակ է․ «Էրեբունի-Երևան», «Գլաձորի 1700-ամյակը», 1-3-րդ համահայկական խաղեր, «Ավարայր-1550», «Հայոց գրեր 1600», բազմաթիվ հոբելյանական երեկոներ և այլն: Բեմադրություններ է իրականացրել նաև արտասահմանում:

1987 թվականինարժանացել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, 2006 թվականին`Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչումների: «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» արժանացել է «Արտավազդ» մրցանակի:

Պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ «Մովսես Խորենացի», ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, պրոֆեսոր, բեմադրիչ Հրաչյա Աշուղյանը կյանքից հեռացել է 2019 թ. մայիսի 13-ին, 80 տարեկան հասակում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть