Փարիզում աճուրդի են հանվելու հայ արվեստի բացառիկ ցուցանմուշներ - RadioVan.fm

Онлайн

Փարիզում աճուրդի են հանվելու հայ արվեստի բացառիկ ցուցանմուշներ

2019-09-21 18:32 , Культура, Шоу бизнес, 1341

Փարիզում աճուրդի են հանվելու հայ արվեստի բացառիկ ցուցանմուշներ

Հայկական արմատներով ֆրանսիացի կոլեկցիոներ Գիյոմ Արալը, որը վաղուց է հետաքրքրվում հայ միջնադարյան և ժամանակակից արվեստով, դեկտեմբերի 5-6-ը Փարիզի Դրուո աճուրդի տանը ցուցադրություն-վաճառք է կազմակերպելու` ներկայացնելով այն հավաքածուն, որում ներառված են վաղ միջնադարյան ձեռագրեր և մանրանկարներ, ժամանակակից և դասական արվեստի ուշագրավ գործեր։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ցուցադրության և աճուրդի կատալոգի համադրող, փորձագետ, Ֆրանսիայի Մոնպելիեի համալսարանի Արվեստաբանության և միջնադարյան պատմության դոկտոր Էմմա Չուգասզյանն ասաց, որ վաճառքի են հանվելու այնպիսի մանրանկարներ, որոնք ավելի քան հարյուր տարի առաջ պոկվել են մայր ձեռագրերից և երկար դեգերումներից հետո հայտնվել Փարիզում։

«Այդպիսի մանրանկարներից երկուսը պատկանում են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում պահվող 1435 թվականի Խիզանի մանրանկարչության դպրոցի նմուշ համարվող Ավետարանին։

Այդ էջերի գոյության մասին տարիներ շարունակ չեն իմացել: 1979 թվականին էջերը վաճառվել են Սոտբիսի աճուրդի տանը: Անգամ փորձագետները չեն կարողացել հասկանալ, թե որ ձեռագրերից են դրանք»,-նշեց Չուգասզյանն ու հավելեց, որ պատրաստվում են կապ հաստատել Մետրոպոլիտեն թանգարանի ներկայացուցիչների հետ, քանի որ առաջին հետաքրքրված գնորդը հենց թանգարանը պետք է լինի:

Գիյոմ Արալի հավաքածուից մեկ այլ էջ 1910-ական թվականներին կտրվել է այսօր Լոս Անջելեսի Գեթթիի պատկերասրահում պահվող 1615 թվականի Մեսրոպ Խիզանցու նկարազարդած Ավետարանից և հարյուր տարի անց առաջին անգամ պիտի ներկայացվի հանրությանը։

«Ֆրեդերիկ Մակլերի կատալոգում կա այդ էջի սև ու սպիտակ լուսանկարը, սակայն 1913 թվականից հետո էջի հիմնական մանրանկարները կտրվել են ձեռագրից: Երբ հիսունականներին ձեռագիրը աճուրդի է հանվել Փարիզում, այդ էջերը բացակայել են, և նկարագրության մեջ դրանք չկան: Դրանցից մեկն էլ հենց այն էջն է, որը գտնվում է Արալի հավաքածուում»,-պատմեց արվեստաբանն ու շեշտեց, որ վերջին քսան տարվա միջազգային աճուրդներում կորած էջերից մի քանիսը նույնպես վաճառվել են, բայց փորձագետները չեն իմացել, որ դրանք վերոնշյալ ձեռագրից են: «Կարծում եմ, որ այս դեպքում Գեթթիի թանգարանը պետք է հետաքրքրված լինի ցուցանմուշը ձեռք բերելու գործում: Ձեռագրից մի քանի էջ պահպանվում է նաև Դուբլինի Չեսթեր Բիթի գրադարանում: Հնարավոր է, որ այն նույնպես հետաքրքրվի դրանով», - ասաց Չուգազսյանը:

Հավաքածուի գոհարներից են արվեստասեր հանրության շրջանում արդեն իսկ մեծ հետաքրքրություն առաջացրած 14-րդ դարի Կիլիկյան պալատական ձեռագրի նորահայտ էջերը, ինչպես նաև 13-րդ դարի սկզբի Անիի մանրանկարչական դպրոցին պատկանող ձեռագրի թերթը։

Բացառիկ նմուշներից են Հովհաննես Այվազովսկու չորս աշխատանք, որոնցից երկուսը յուղաներկ են, երկուսը` գրաֆիկ։ Ընդգրկվել են նաև Մարտիրոս Սարյանի չորս յուղաներկ կտավ և մեկ գրաֆիկական աշխատանք, ինչպես նաև Մինաս Ավետիսյանի երկու գործ` մեկը մատիտանկար, մյուսը` պաստելային։

Աճուրդի են հանվելու նաև այնպիսի հայտնի նկարիչների աշխատանքներ, ինչպիսիք են Անտուան Սևրյուգինը, Արսեն Շաբանյանը, Մկրտիչ Ջիվանյանը, Վարդան Մախոխյանը, Շառլ Ադամյանը, Էդգար Շահինը, Սեդրակ Առաքելյանը, Սարգիս Խաչատուրյանը, Գառզուն (Գառնիկ Զուլումյան), Գրիգոր Խանջյանը։

Չուգասզյանն ընդգծեց, որ հայ արվեստի պահանջարկը միջազգային հարթակներում շատ մեծ է: Նրա խոսքով՝ հատկապես հարուստ հայերը ձգտում են ձեռք բերել ականավոր նկարիչների ստեղծագործություններ, մանրանկարներ, միջնադարյան ձեռագրեր, որոնք միշտ բարձր գներով են վաճառվում աճուրդներում:

Лента

Рекомендуем посмотреть