Չեղարկված հանրաքվեի համար պետբյուջեից 125 մլն դրամ է ծախսվել - RadioVan.fm

Онлайн

Չեղարկված հանրաքվեի համար պետբյուջեից 125 մլն դրամ է ծախսվել

2020-06-25 20:28 , Политика, 1061

Չեղարկված հանրաքվեի համար պետբյուջեից 125 մլն դրամ է ծախսվել

Ապրիլի 5-ին նախատեսված և չեղարկված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար ի՞նչ ծախսեր էին իրականացվել. Ազգային ժողովում այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Հանրաքվեի հետ կապված պետական բյուջեից հատկացվել է 2.5 մլրդ դրամ, որից մոտ 125 մլն 600 հազար դրամը ծախսվել է»,-ի պատասխան տեղեկացրեց Մուկուչյանը՝ ընդգծելով, որ նախապատրաստական աշխատանքներ չկատարել չէին կարող, ԿԸՀ-ին հատկացված գումարը ծախսվել է քվեախցեր, կապարակնիքներ, ծրարներ ձեռք բերելու համար:

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու հիմնավորմամբ՝ Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախանշված էր ապրիլի 5-ին։ Հանրաքվեի դրված նախագծով ՀՀ կառավարությունն առաջարկում էր փոխել Սահմանադրության մի քանի դրույթներ, որոնք ենթադրում էին մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցում։

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար կառավարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ՀՀ ոստիկանությանը պահուստային ֆոնդից 3 մլրդ 447 մլն դրամ հատկացնելու մասին որոշում էր ընդունել, որից 2 մլրդ 553 մլն-ն՝ ԿԸՀ-ին:

Կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված երկրում մարտի 16-ից ուժի մեջ մտած և մինչ օրս գործող արտակարգ դրության ռեժիմը անհնար դարձրեց հանրաքվեի անցկացումը: Մարտի 17-ին ԿՀԸ-ն հայտարարեց հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքների դադարեցման մասին:

Հունիսի 1-ին Ազգային ժողովն (ԱԺ) առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման նպատակով նախաձեռնված հանրաքվեն:

Իշխանության ներկայացուցիչները հայտարարեցին ՍԴ-ի շուրջ ստեղծված հարցը ԱԺ լիազորությունների շրջանակում լուծելու ցանկության մասին, որի շրջանակում արդարադատության նախարարը խորհրդատվության համար դիմեց Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովին։

Այս երկուշաբթի՝ հունիսի 22-ին, երբ Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում էր ԱԺ պատգամավորների մեկ քառորդի՝ իշխող «Իմ քայլը» խմբակցության ավելի քան հինգ տասնյակ պատգամավորների հեղինակած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, արդարադատության նախարարությունը տարածած հաղորդագրությամբ հայտնեց, որ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել իշխանությունների կողմից առաջադրված իրավական երեք հարցի առնչությամբ:

Ինչևէ, հանրաքվեն չեղարկվեց, բայցև՝ Սահմանդրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը լուծվեց խորհրդարանի շրջանակում: Հունիսի 22-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով և ԱԺ նախագահի կողմից այն պաշտոնական տեղեկագրում այսօր հրապարակելու արդյունքում՝ վաղվանից Հրայր Թովմասյանը կդադարի պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի նախագահ, իսկ ՍԴ 9 անդամից 3-ը (Հրանտ Նազարյան, Ֆելիքս Թոխյան, Ալվինա Գյուլումյան), որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է, թոշակի կգնան:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть