Հագուստ ներմուծողները համաձայնել են ՊԵԿ-ի հետ համաքայլ շարունակել համագործակցությունը - RadioVan.fm

Онлайн

Հագուստ ներմուծողները համաձայնել են ՊԵԿ-ի հետ համաքայլ շարունակել համագործակցությունը

2020-09-17 16:12 , Политика, 1136

Հագուստ ներմուծողները համաձայնել են ՊԵԿ-ի հետ համաքայլ շարունակել  համագործակցությունը

Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) կառույցի ղեկավարը հանդիպել է հագուստի բեռնափոխադրմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու վերջին շրջանում հագուստի ներկրման հետ կապված խնդիրները։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հաըյտնում են, որ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպման մասնակիցներին կառուցողական երկխոսության կոչ է արել, վստահեցնելով, որ կոմիտեն բաց է ու պատրաստ՝ առողջ քննարկումների, համագործակցության և առաջարկությունների համար՝ ելնելով ստվերի դեմ սկզբունքային և անզիջում պայքարի դիրքերից։

Նշվել է, որ հարցի վերանայման նպատակով հանդիպումներ, քննարկումներ են եղել տարբեր հարթակներում, որպեսզի լուծումները տնտեսվարողների համար առավել հարմարավետ և ընդունելի լինեն, ինչպես նաև ցածր լինի կիլոգրամի փոխարեն հատով մաքսազերծվող հագուստի արժեքը։ Կոմիտեի ղեկավարը տեղեկացրել է, որ ապրանքների մաքսային արժեքների սահմանման համար ուսումնասիրվել են արտահանող երկրում տվյալ ապրանքների շուկայական արժեքները, ինչպես նաև մոնիտորինգ է իրականացվել տեղական մանրածախ վաճառքի առևտրի կենտրոններում և սահմանվել են հնարավոր նվազագույն գները, որը հնարավոր է վճարված լինի տվյալ ապրանքի համար արտահանվող երկրում։ Ընդ որում, օրենքի պահանջի մասին բազմիցս իրազեկվել են, սակայն կիրարկումը տևական ժամանակ հետաձգվել է, ներառյալ համավարակի ակտիվ շրջանը։ Կոմիտեն վերլուծել և կանխատեսել է բոլոր հնարավոր ռիսկերը, այդ թվում՝ ապրանքները ԵԱՏՄ տարածքով ներմուծելու ուղիները և դրանց չեզոքացման կամ հակազդման լուծումները։

Կառույցի ղեկավարն ընդգծել է, որ վճռական և հետևողական են լինելու նաև հագուստի մաքսազերծումը սահմանված կարգով լիարժեք իրականացնելու հարցում։ «Այսօր ՊԵԿ-ն իր գործառույթները պետք է կատարի լիարժեք և բացառապես օրենքի շրջանակում, այնինչ ներմուծվող հագուստի քաշով մաքսազերծման նախկին կարգը հակասում է այդ սկզբունքին»,-հայտարարել է Էդվարդ Հովհաննիսյանը։

Հանդիպման ավարտին, համակողմանի քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որպեսզի ի գիտություն ընդունվի մաքսազերծման կարգում օրենքի պահանջների կատարումը։ Բեռնափոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչները համակարծիք են եղել ՊԵԿ-ի ներկայացրած տեսակետներին, նշելով, որ պետք է Կոմիտեի հետ համաքայլ շարունակվի համագործակցությունը՝ զուգահեռ կառուցողական երկխոսություն և աշխատանք տանելով գործընկերների հետ։

Հիշեցնենք՝ 2020-ի սեպտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել հագուստի մաքսազերծման նոր չափորոշիչներ, ըստ որոնց՝ այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, այլ հաշիվ ապրանքագրերում պետք է նշված լինեն ապրանքների ստույգ քանակները, գները, անվանումներն ու մոդելները։ Սա նշանակում է, որ ներմուծվող հագուստը մաքսազերծվում է մյուս ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։

Նախկինում գործել է մաքսազերծման մի տարբերակ, երբ հաշվի չի առնվել ապրանքի իրական արժեքը և հաշվարկը կատարվել է կիլոգրամով։ Ներկայիս փոփոխությունը բերել է մաքսային արժեքի բարձրացման, ինչն էլ առաջացրել է առևտրականների դժգոհությունը։ Վերջիններս այս առիթով վերջին օրերին բողոքի ակցիաներ էին կազմակերպում՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով փոփոխված ընթացակարգի վերաբերյալ։

Նրանց խոսքով` նոր կանոնակարգով իրենց ապրանքների մաքսազերծման գները 6 անգամ կբարձրանան, ինչը կազդի հագուստի գների և իրենց հետագա գործունեության վրա։

«Այժմ սահմանված է հագուստի արժեքի 30%-ի չափով մաքսատուրքի վճարման համակարգ։ Սա նշանակում է, որ թանկացում սպասվում է, բայց ոչ թե 6, ինչպես պնդում են տնտեսվարողները, այլ 1,5-2 անգամ»,-լրագրողների հետ զրույցում ասել էր ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը՝ նշելով, որ ըստ ՊԵԿ հաշվարկների՝ եթե ներկրողը Թուրքիայում ջինս է գնում և դրա դիմաց վճարում է 7 դոլար, ապա մաքսազերծման համար պետք է վճարի մոտ 2,4 դոլար։ Հսկիչ գները սահմավել են շուկան ուսումնասիրելուց հետո, իսկ գներ կիրառվում են, քանի որ Թուրքիայից ներմուծած ապրանքի դեպքում հաշիվ-ապրանքագիրը ՀՀ-ում օրինական ուժ չունի։

Ինչպես նկատել էին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ մաքսազերծման նոր ընթացակարգը բխում է ԵԱՏՄ մեր պարտավորություններից, ինչը ենթադրում է, որ ավելի քան 700 անուն ապրանքատեսակներ ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծելու դեպքում մաքսազերծվում են այլ դրույքաչափերով: Միաժամանակ հիշեցվել էր, որ մաքսազերծման գործընթացում 2018 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր հանցավոր սխեմաներ։ Մասնավորապես խոշոր ընկերություններից մեկը ներմուծված ապրանքները ճիշտ տեսականիով և անունով չէր հայտարարագրել ու մաքսազերծել, որով խուսափել էր հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարումներ կատարելուց՝ հասցնելով պետությանը 7 մլն դոլարի վնաս։ ՊԵԿ-ը միջանկյալ սխեմա էր մշակել ներմուծողների համար։ Ապրանքների հաշվարկը մինչև սեպտեմբերի 1-ը կատարվում էր կիլոգրամներով, յուրաքանչյուր կիլոգրամի համար ներկրողները վճարել են 3,25 դոլար։

Лента

Рекомендуем посмотреть