ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչ է արել կողմերին վերականգնել երկխոսությունն առանց նախապայմանների - RadioVan.fm

Онлайн

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչ է արել կողմերին վերականգնել երկխոսությունն առանց նախապայմանների

2020-09-30 11:59 , Политика, 700

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչ է արել կողմերին վերականգնել երկխոսությունն առանց նախապայմանների

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, դռնփակ քննարկումից հետո, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ անհանգստություն հայտնելով հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ։

Անվտանգության խորհրդի անդամները տարածած հայտարարությամբ վճռականորեն դատապարտում են ուժի գործադրումն ու ափսոսանք հայտնում մարդկային զոհերի ու քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների կապակցությամբ։

«Անվտանգության Խորհրդի անդամները աջակցություն են հայտնել կողմերին հասցեագրված՝ Գլխավոր Քարտուղարի հորդորներին՝ անմիջապես դադարեցնելու ռազմական գործողությունները, թուլացնելու լարվածությունը եւ անհապաղ վերադառնալու կառուցողական բանակցությունների:

Անվտանգության Խորհրդի անդամները իրենց լիակատար աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերին եւ կոչ են արել կողմերին՝ սերտորեն համագործակցել նրանց հետ՝ վերականգնելու երկխոսությունը առանց նախապայմանների»,-ասված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունում։

Նշենք՝ երեկ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության (ՀՅԴ) Հայաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ պահանջատիրական երթ իրականացրին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ պահանջելով ինչպես այդ, այնպես էլ Հայաստանում գտնվող միջազգային կառույցներին, այլևս հավասարության նշան չդնել Արցախի և ագրեսոր Ադրբեջանի միջև, գնահատական տալ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանն ու Թուրքիայի ներգրավածությանը։

Երիտասարդները հույս էին հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հրավիրված քննարկմանը հարցի վերաբերյալ բանաձև կընդունվի։

Лента

Рекомендуем посмотреть