ՄԱԿ-ի հայտարարությունը վերջակետ դրեց Ադրբեջանի շահարկումներին. Արցախի ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

ՄԱԿ-ի հայտարարությունը վերջակետ դրեց Ադրբեջանի շահարկումներին. Արցախի ԱԳՆ

2020-10-01 01:16 , Политика, 1285

ՄԱԿ-ի հայտարարությունը վերջակետ դրեց Ադրբեջանի շահարկումներին. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մեկնաբանություն է տարածել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ հայտարարության առնչությամբ:

Տարածած հաղորդագրությունում ասված է․

«Գոհունակությամբ ենք նշում, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի վերաբերյալ սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած փակ քննարկումների արդյունքներով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները խստորեն դատապարտել են ուժի գործադրումը և իրենց աջակցությունն են հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունը և վերադառնալ կառուցողական բանակցությունների: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերին:

Անվտանգության խորհրդի անդամների՝ մամուլի համար արված այս հայտարարությունը վերջակետ դրեց Ադրբեջանի իշխանությունների շահարկումներին՝ կապված Արցախի Հանրապետության դեմ ռազմական ուժ կիրառելու նրանց ենթադրյալ իրավունքի հետ: Ակնհայտ է, որ իրենց միջազգային հակաօրինական գործողությունների համար միջազգային որևէ աջակցություն ստանալու նպատակով Բաքվի և Անկարայի ձեռնարկած բոլոր փորձերն ավարտվել են լիակատար ձախողմամբ:

Վերստին նշենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները, որոնք սպառնում են Հարավային Կովկասում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, չեն կարող առանց քաղաքական և իրավական հետևանքների մնալ: Բաքվին և Անկարային պատասխանատվության կանչելով` միջազգային հանրությունն անհրաժեշտ խթան կհաղորդի լարվածության թուլացմանը և պայմաններ կստեղծի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»:

Նշենք՝ երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, դռնփակ քննարկումից հետո, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել: Անվտանգության Խորհրդի անդամները իրենց լիակատար աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերին և կոչ են արել կողմերին՝ սերտորեն համագործակցել նրանց հետ՝ վերականգնելու երկխոսությունը առանց նախապայմանների:

Лента

Рекомендуем посмотреть