Արցախում սեպտեմբերի 27-30-ը 7 խաղաղ բնակիչ է սպանվել, 31-ը լուրջ մարմնական վնասվածքներ ստացել․ Արցախի ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Արցախում սեպտեմբերի 27-30-ը 7 խաղաղ բնակիչ է սպանվել, 31-ը լուրջ մարմնական վնասվածքներ ստացել․ Արցախի ՄԻՊ

2020-10-01 13:48 , Общество, 1076

Արցախում սեպտեմբերի 27-30-ը 7 խաղաղ բնակիչ է սպանվել, 31-ը լուրջ մարմնական վնասվածքներ ստացել․ Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է սեպտեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված ոտնձգությունների դեպքերի հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն։

Արցախի ՄԻՊ-ի ներկայացրած տվյաների համաձայն՝ սպանվել է ընդհանուր 7 խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը` մանկահասակ աղջիկ, 2-ը` 24-ամյա և 65-ամյա տղամարդիկ, 4-ը` 59-ամյա, 61-ամյա, 63-ամյա և 79-ամյա կանայք:

Մանկահասակ երեխան, չորս կանայք և մեկ տղամարդը սպանվել են իրենց տան բակում, իսկ երիտասարդը` գյուղի մերձակայքում:

Լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր 31 անձ, որից 7-ը իգական, իսկ 24-ը արական սեռի քաղաքացիներ են:

Հիշյալ անձանցից 23-ը վիրավորումը ստացել է անմիջապես իր բնակության վայրում` բնակելի տանը կամ դրա մոտակայքում արկի պայթյունի հետևանքով (ընդ որում երկու դեպքում արկը պայթել էր հենց բազմաբնակարան շենքի բակում), 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս մարդատար տրանսպորտային միջոցի թիրախավորման և խոցման հետևանքով, իսկ 2-ը` հասարակական այլ վայրում:

Հիշեցնենք՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից՝ Թուրքիայի ներգրավվածությամբ սեպտեմբերի 27-ից սկսած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նույն օրը հայտարարեց փաստահավաք առաքելություն սկսելու մասին։

Лента

Рекомендуем посмотреть