Amnesty International-ը հաստատում է՝ Արցախի մայրաքաղաքը ռմբակոծվել է միջազգայնորեն արգելված իսրայելական արտադրության կասետային ռումբերով - RadioVan.fm

Онлайн

Amnesty International-ը հաստատում է՝ Արցախի մայրաքաղաքը ռմբակոծվել է միջազգայնորեն արգելված իսրայելական արտադրության կասետային ռումբերով

2020-10-06 13:27 , Право, 1505

Amnesty International-ը հաստատում է՝ Արցախի մայրաքաղաքը ռմբակոծվել է միջազգայնորեն արգելված իսրայելական արտադրության կասետային ռումբերով

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ճգնաժամային արձագանքման փորձագետները, ուսումնասիրելով նկարահանված կադրերը, հաստատում են, որ Ստեփանակերտի բնակելի թաղամասերը ադրբեջանական ուժերի կողմից ռմբակոծվել են իսրայելական կասետային զինամթերքով։

«Կասետային ռումբերի օգտագործումը ցանկացած պարագայում արգելվում է միջազգային մարդասիրական օրենսդրությամբ, հետևաբար, դրանց օգտագործումը հատկապես քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակման դեպքում կարող է ավելացնել զոհերի և վիրավորների թիվը»,-ասել է Amnesty International-ի Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դենիս Կրիվոշևը։

Նշենք՝ Արցախի քաղաքացիական բնակավայրերի վրա արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման մասին բարձրաձայնել են նաև Հայաստանի և Արցախի արտաքաին քաղաքական գերատեսչությունները, Մարդու իրավունքների պաշտպանները։

Ադրբեջանական պատերազմական հանցագործությունների հետևանքով երեկվա տվյալներով Արցախում 19 խաղաղ բնակիչ է զոհվել, 80 –ը վիրավորվել։

Ադրբեջանական զինված ուժերի նախաձեռնած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ սեպտեմբերի 27-ից փաստահավաք առաքելություն սկսած Արցախի մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) նախօրեին հրավիրված մամլո ասուլիսում հայտնել է, որ զոհերի մոտ կեսը 50 տարեկանից բարձր են։

«Տարբեր դեպքեր են առկա, թե ինչից են վիրավորվել, մահերը վրա հասել՝ հիմնականում հրթիռային կամ հրտենային հարվածներ։ Կան դեպքեր անօդաչու թռչող սարքի, օդուժի հարվածներից։ Զոհերի ճնշող մեծամասնությունը եղել է դիտավորյալ թիրախավորում, նպատակային,-ասել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ հորդորելով միջազգային հանրությանը գալ ու տեղում գրանցել այս հանցագործությունները, համապատասխան գործողություններ կատարել, ոչ թե ուղղակի խոսել։ Ըստ նրա, այդ գործողությունները պետք է ներառեն հստակ պատժամիջոցներ Ադրբեջանի ու նրա իշխանությունների նկատմամբ։

Լուսանկարը՝ Էրիկ Գրիգորյանի

Лента

Рекомендуем посмотреть