Եվրադատարանը բավարարել է Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը - RadioVan.fm

Онлайн

Եվրադատարանը բավարարել է Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը

2020-10-06 21:24 , Право, 1059

Եվրադատարանը բավարարել է Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կոչ է անում Թուրքիային զերծ մնալ գործողություններից, որոնք ոտնահարում են քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև հարգել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները. ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Եվրադատարանը ժամ առաջ բավարարել է Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության պահանջը:

Դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը և կոչ անում ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ կոնվենցիոն իրավունքների խախտումից:

Ստրասբուրգյան դատարանը հարցին անդրադարձել է Հայաստանի կառավարության պահանջով։ Պաշտոնական Երևանը անցած շաբաթ գանգատ էր ներկայացրել՝ պահանջելով միջանկյալ միջոց կիրառել Անկարայի նկատմամբ՝ «հաշվի առնելով Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի կողմից Ղարաբաղի և Հայաստանի քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող հարձակումներին, որոնք ուղեկցվում են միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով»։

Նշենք՝ Արցախի հետ շփման գոտում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների օրը՝ սեպտեմբերի 27-ին, միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել է նաև Ադրբեջանի հարցով, որը կիրառվել է։

Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն՝ ՄԻԵԴ-ը կոչ է արել և Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ այնպիսի ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։

Երկու կողմերն էլ, հնարավորինս սեղմ ժամկետում, իրենց պարտավորությունների կատարման մասին տեղեկություն պետք է ներկայացնեն Եվրոպական դատարան։

Лента

Рекомендуем посмотреть