Միջազգային հանրությունը պետք է վճռականություն ցուցաբերի և ճանաչի Ղարաբաղի անկախությունը. Փաշինյանը՝ Euronews-ին - RadioVan.fm

Онлайн

Միջազգային հանրությունը պետք է վճռականություն ցուցաբերի և ճանաչի Ղարաբաղի անկախությունը. Փաշինյանը՝ Euronews-ին

2020-10-08 14:47 , Политика, 1247

Միջազգային հանրությունը պետք է վճռականություն ցուցաբերի և ճանաչի Ղարաբաղի անկախությունը. Փաշինյանը՝ Euronews-ին

«Խաղաղությունը միշտ եղել է մեր գլխավոր և գերագույն նպատակը: Իմ՝ վարչապետ ընտրվելու օրվանից ես ասել եմ, որ մենք պետք է ճգնենք գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես առաջին ղեկավարն եմ՝ ներգրավված բանակցային գործընթացի մեջ, ով պաշտոնապես ասում է, որ որևէ լուծում պետք է ընդունելի լինի նաև դիմացի ժողովրդի համար: Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանն այս բանաձևը չի ընդունել և չի ընդունել պաշտոնապես՝ ասելով, որ իր համար կա միայն մեկ լուծում, երբ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ, էթնիկ զտումների միջոցով ազատված կլինի հայերից և ամբողջությամբ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: Սա ցեղասպանության սպառնալիք է, և այդ ցեղասպանության սպառնալիքի իրականացման գործում այսօր ներգրավված են միջազգային ահաբեկիչներ, որոնք հավաքագրել և տարածաշրջան են բերվել Թուրքիայի կողմից և որոնք մարտնչում են Ադրբեջանի կողմից: Այս փաստը, ըստ էության, արդեն ճանաչել են տարածաշրջանի և եվրոպական մի շարք երկրներ: Ես էլի ուզում եմ ընդգծել՝ եթե մենք ուզում ենք կանգնեցնել հումանիտար աղետը, եթե մենք ուզում ենք կանգնեցնել այս հակամարտության ծավալումն ավելի մեծ մասշտաբներով, միջազգային հանրությունը պետք է վճռականություն ցուցաբերի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,-այդ մասին Euronews-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իսկ հարցին, թե կարգավորման որ տարբերակն է ընդունելի հայկական կողմի համար՝ Փաշինյանը պատասխանել է.

«Մեր ամբողջ դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ այն, որ բռնությունների միջոցով Ղարաբաղի հարցը լուծել հնարավոր չէ: Որևէ լուծման հասնել՝ բռնության միջոցով, հնարավոր չէ: Դա Ադրբեջանի քաղաքականությունն է եղել, որ իրենք պատրաստվում են բռնի եղանակով լուծել Ղարաբաղի հարցը: Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել կոմպրոմիսի: Այդ Ադրբեջանն է, որ որևէ կերպ չի ուզում կոմպրոմիս: Նրա միակ լուծումն այն է, որ Ղարաբաղի հայությունը, որը միշտ եղել է Ղարաբաղի բնակչության 80 և ավելի տոկոսը, տեղահան արվի, և Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների միջոցով ազատվի հայերից, դառնա ոչ հայաբնակ տարածք: Բայց մարդիկ չեն կարող իրենց հազարամյա հայրենիքն ուղղակի թողնել Ադրբեջանի պահանջով: Եվ նրանք պետք է ինքնապաշտպանվեն և ունեն ինքնապաշտպանվելու իրավունք: Բացի ինքնապաշտպանությունից, Լեռնային Ղարաբաղն այստեղ որևէ ուրիշ նպատակ չունի»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Euronews-ին տված հարցազրույցի մանրամասները՝ հետևյալ հղմամբ:

Նշենք՝ Euronews-ը միաժամանակ հարցազրույց է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը ասել է, թե Հայաստանի նախորդ իշխանությունների հետ բանակցությունները կառուցողական են եղել, մինչդեռ ներկայիս վարչապետն իր հետ հանդիպումներին հայտարարել է, որ հայկական կողմը չի պատրաստվում տարածքներ վերադարձնել։ Նա ընդգծել է, որ հայկական կողմի հետ կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, եթե Հայաստանը հրաժարվի իր «մաքսիմալիստական մոտեցումից»։

Лента

Рекомендуем посмотреть