Ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի՝ Վալենսիայի գլխավոր փողոցները «ողողվել» են հայկական եռագույնով - RadioVan.fm

Онлайн

Ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի՝ Վալենսիայի գլխավոր փողոցները «ողողվել» են հայկական եռագույնով

2020-10-10 15:02 , Общество, 1351

Ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի՝ Վալենսիայի գլխավոր փողոցները «ողողվել» են հայկական եռագույնով

«Ստոպ, Ադրբեջան», «Ստոպ, Թուրքիա», «Ալիև՝ ահաբեկիչ», «Էրդողան՝ ցեղասպան»․ այս կարգախոսներով Իսպանիայի Վալենսիայում 100-ավոր հայեր բարձրաձայնել են այս օրերին արցախա-ադրբեջանական սահմանագոտու ողջ երկայնքով Թուրքիայի սատարմամբ և վարձկան–ահաբեկիչների ներգրավմամբ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների մասին։

Բողոքի ակցիան, մեկնարկելով Վալենսիայի խորհրդարանի առջևից, որտեղ մեկ րոպե լռությամբ հավաքվածները հարգել են հայրենի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակը, ընթացել է քաղաքի գլխավոր փողոցներով հասնելով մինչև Թուրքիայի պատվո հյուպատոսարան։

Հայոց՝ մետրերով ձգվող եռագույնը ծածանելով՝ վալենսահայերը բարձրաձայնել են թշնամու ագրեսիայի մասին՝ տեղի իշխանություններից պահանջելով հասցեական և կոշտ գնահատական տալ թուրք-ադրբեջանական ահաբեկչական գործողություններին։

Վալենսիայում ապրող հայերը՝ ի դեմս Սարգիս Բրսոյանի ու Քրիստինե Խաչատրյանի, Վալենսիայի օրենսդիրներին հանձնել են թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարագիր։ «Արարատ» Հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանի ներկայացմամբ՝ իրենց պահանջը միջազգային հանրությանը, Վալենսիայի իշխանություններին և Իսպանիայի կառավարությանն այս է՝

-այլևս անօգուտ են հավասարության նշանի տակ հնչող երկուստեք ուղղված կոչերը,

-այսուհետ ակնկալում ենք հասցեական և կոշտ հայտարարություններ՝ թուրք-ադրբեջանական ահաբեկչական կառավարությունների դեմ։ Պահանջն ընթերցվել է իսպաներենով։

Հիշեցնենք՝ 2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), կրկին հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Վերջին 13 օրերին՝ մարտագծի ամբողջ երկայնքով ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ ինտենսիվ մարտեր են ընթացել։ Հակառակորդը միաժամանակ հրթիռահրետակոծության է ենթարկել արցախի ավելի քան 100 բնակավայրեր, հրթիռակոծել Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում, ավելի քան 10 ժամ տևած խորհրդակցությունից հետո, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները` Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ համաձայնել են տասներեք օր շարունակված պատերազմն այսօր՝ 12։00-ին, մարդասիրական նպատակներով դադարեցնել՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար։

Չնայած այս պայմանավորվածությանը՝ հակառակորդը ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակել է մարտական գործողությունները՝ լայնորեն կիրառելով հարվածային թռչող սարքեր: Առավել թեժ մարտեր են ընթանում հարավային ուղղությամբ:

Միաժամանակ թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը։

Պաշտպանության բանակի ստորաբաժանումներին, մինչդեռ, ի կատարումն հոկտմբերի 9-ին Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության, հրամայվել է դադարեցնել կրակը:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Առաջին տեսանյութը՝ Վալենսիայում «Ռադիո Վան»-ի աղբյուրի

Лента

Рекомендуем посмотреть