Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի հայրենակիցներին հղած ուղերձում կոչ է արել բոլորին ֆիզիկական մասնակցություն ունենալ մարտական գործողություններին՝ նշելով, որ դրա կարիքը կա։
«Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել մեր հումանիտար ստանձնած առաքելության առումով պատասխանատվությունը և հետագայում շարունակել բանակցությունները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, չնայած, արդեն իսկ անհնարին է, բայց ուշ չէ: Չնայած նշում եմ՝ հակառակորդը ընտրել է այլ ճանապարհ. ընտրել է ոչ թե ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը, այլ բնաջնջելու առաջին հերթին արցախահայությանը, հետո, հաջողության դեպքում, նաև՝ Հայաստանը»,-ասել է Արայիկ Հարությունյանը՝ նկատելով, որ այդ ձեռագիրը տեսնում ենք, ավելի ծանր ժամանակներ էլ ենք ունեցել՝ 92-94 թթ․-ին, բայց մեզ հաջողվել է հաղթել, որովհետև հավատացել ենք հաղթանակին։
«Այսօր էլ հավատում ենք, որ հաղթելու ենք, մեզ պետք է միավորվել և մասնակցել մարտական գործողություններին, ակնկալում եմ իմ եղբայրների ակտիվ մասնակցությունը, Սփյուռքում ապրող ղարաբաղցիների, Հայաստանում ապրող մեր եղբայրների, օրհասական պահն է այսօր, հայրենիքը պահելու և չպահելու, պատվով ապրելու՝ փոխարենը անպատիվ ապրելու իրավունքից հրաժարվելու, մենք պետք է շարունակենք պատվով ապրել։ Դրա համար կոչ եմ անում ոչ միայն նյութական, ինչը շատ կարևոր է, շնորհակալություն բոլորիդ, այլև ֆիզիկական Ձեր մասնակցությունը, մենք դրա կարիքը զգում ենք»,-կոչ է արել Արայիկ Հարությունյանը՝ շեշտելով՝ մենք հաղթելու ենք:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նշենք՝ օրեր առաջ հրավիրված մամուլի ասուլիսում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարելով, որ եթե հակառակորդը երկարատև պատերազմ է ուզում, ապա մենք չենք հրաժարվի՝ նշել էր, որ կհայտարարի հայրենական պատերազմ, և կոչ կանի բոլոր հայերին, ոչ միայն նյութական, այլև՝ ֆիզիկական մասնակցություն ունենալ։