Եվրադատարանը բացառել է հայ սպային սպանած Սաֆարովի գործի վերանայումը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով պատժել սեփական մարդասպանին - RadioVan.fm

Онлайн

Եվրադատարանը բացառել է հայ սպային սպանած Սաֆարովի գործի վերանայումը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով պատժել սեփական մարդասպանին

2020-10-14 22:20 , Право, 2457

Եվրադատարանը բացառել է հայ սպային սպանած Սաֆարովի գործի վերանայումը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով պատժել սեփական մարդասպանին

Հոկտեմբերի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ), քննարկելով Մեծ Պալատի կողմից «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով դեռ մայիսին կայացրած վճիռի վերանայման հնարավորությունը, որով Ադրբեջանը պատասխանատու է ճանաչվել հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած և ևս մեկ հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի նկատմամբ մահափորձ կատարած հանցագործի ազատ արձակման ու հերոսացման համար, բացառել է այն՝ կարևորելով վճռի դրույթների ուժի մեջ մտնելն ու դրանց կատարումը։

Այդ մասին հայտնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դիմումատուների շահերի ներկայացուցիչ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանը:

Ֆեյսբուքյան իր էջում նա, մասնավորապես, գրել է.

«Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ Եվրոպական դատարանի «պատմական» վճիռն այլևս վերջնական է և անբեկանելի !!!

2020 թվականի մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը, որով Ադրբեջանը պատասխանատու է ճանաչվել հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած և ևս մեկ հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի նկատմամբ մահափորձ կատարած հանցագործի ազատ արձակման ու հերոսացման համար:

Այս վճռով Եվրոպական դատարանը ոչ միայն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) հոդվածով նախատեսված իր պարտավորությունները, այլ նաև փաստել, որ ատելության հողի վրա կատարված դաժան հանցանքների համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը և հերոսացումը Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից իրականացվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով: Արդյունքում, Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությունն առաջին անգամ իր փաստագրումն է ստացել միջազգային դատական ակտով։

Սույն թվականի հոկտեմբերի 12-ին Եվրոպական դատարանը, քննարկելով Մեծ Պալատի կողմից այս վճռի վերանայման հնարավորությունը, բացառեց այն՝ կարևորելով վճռի դրույթների ուժի մեջ մտնելն ու դրանց կատարումը։ Դա նշանակում է, որ 2020 թվականի մայիսի 26-ին Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի դեմ կայացրած վճիռը ստացավ օրինական ուժ։

Վճռի կատարումը պահանջելու է, որ Ադրբեջանը պատժի սեփական մարդասպանին և դադարեցնի հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը:

Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ այս վճիռն արդեն վերջնական է, չի կարող բեկանվել կամ որևէ կերպ կասկածի տակ դրվել: Այն պարտադիր է բոլորի, այդ թվում՝ արտաքին քաղաքական դերակատարների համար։ Նման բովանդակությամբ միջազգային դատական ակտի առկայությունն ադրբեջանական ոտնձգություններից հայերի պաշտպանությունն ապահովող իրավական լուրջ երաշխիք է, որն ըստ էության բացառում է նաև Արցախի բնակչության անվտանգությունը կասկածի տակ դնող ցանկացած լուծում»:

Հիշեցնենք՝ ՄԻԵԴ-ը 2020 թվականի մայիսի 26-ին ընդունած որոշմամբ արձանագրել էր, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածներով նախատեսված պարտավորությունները՝ ներում շնորհելով և մի շարք արտոնություններ տրամադրելով 2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացված «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում դասընթացներին քնած վիճակում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած, ապա հայ սպա Հայկ Մակուչյանի վրա հարձակում գործած Հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադառնալով նծյալ որոշմանը՝ հայտարարել էր, որ այն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է:

Դատավճիռը սահմանում է Ադրբեջանի հանդեպ իրավական պարտավորություն՝ իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնցով հնարավոր կլիներ դադարեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այս խախտումները և հասցեագրել դրանց հետևանքները:

Նշվել էր, որ Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԻԵԴ այս վճիռը` որպես պահանջ Ադրբեջանի իշխանություններից վերականգնելու արդարությունը Գուրգեն Մարգարյանի ահասարսուռ սպանության գործում և դադարեցնելու հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը: Հայաստանի Հանրապետությունն այս ուղղությամբ հետևողական է լինելու համապատասխան միջազգային ատյաններում:

Лента

Рекомендуем посмотреть