Փաշինյանը շնորհավորել է Բայդենին՝ հույս հայտնելով, որ նրա վարչակազմը գործուն քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման ուղղությամբ - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը շնորհավորել է Բայդենին՝ հույս հայտնելով, որ նրա վարչակազմը գործուն քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման ուղղությամբ

2020-11-08 22:29 , Политика, 1063

Փաշինյանը շնորհավորել է Բայդենին՝ հույս հայտնելով, որ նրա վարչակազմը գործուն քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման ուղղությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` հույս հայտելով, որ նրա վարչակազմը գործուն քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման և խնդրի համապարփակ կարգավորման ուղղությամբ, որի հիմքում պետք է ընկած լինեն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը նրա ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով:

Վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն Բայդեն,

Ընդունեք, խնդրեմ, մեր սրտանց շնորհավորանքները Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Համոզված եմ, որ երկարամյա քաղաքական ու օրենսդիր գործունեության ընթացքում ձեռք բերած հարուստ փորձառությունը և գիտելիքները կուղեկցեն Ձեզ` բարօրության և առաջընթացի ճանապարհով Միացյալ Նահանգներն ու նրա ժողովրդին առաջնորդելու Ձեր գործունեության մեջ:

Ձեր գործունեության ընթացքում դուք մեծ ներդրում եք կատարել հայ-ամերիկյան բարեկամության և փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում: Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և իր իրավունքների պաշտպանության հարցում Ձեր կողմից ցուցաբերած սկզբունքային դիրքորոշումը:

Հավատացած եմ, որ Ձեր նախագահության ընթացքում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, որոնք խարսխված են ընդանուր ժողովրդավարական արժեքների վրա, կշարունակեն վերելք ապրել՝ մեր պետությունների միջև առկա ռազմավարական երկխոսության մակարդակին համահունչ:

Անշուշտ այդ գործընթացում իր անգնահատելի ներդրումն ունի նաև ամերիկահայությունը, որը կապող կամուրջ է հանդիսանում մեր երկրների միջև։

Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Ինչպես տեղյակ եք, ավելի քան մեկ ամիս է ինչ Ադրբեջանն ու Թուրքիան, արհամարհելով համանախագահողների՝ հրադադար հաստատելու բոլոր ջանքերը, շարունակում են համատեղ ագրեսիան Հայաստանի և Արցախի հանդեպ` ներգրավելով օտարերկրյա ահաբեկիչների:

Այդ կապակցությամբ ողջունում եմ խնդրի հանգուցալուծումը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Ձեր տեսլականը, որն արտահայտել եք որպես նախագահի թեկնածու:

Լիահույս եմ, որ Ձեր վարչակազմը գործուն քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման և խնդրի համապարփակ կարգավորման ուղղությամբ, որի հիմքում պետք է ընկած լինեն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը նրա ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով:

Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ՝ ԱՄՆ նախագահի պաշտոնոմ ընտրվելու առթիվ և ցանկանալ քաջառողջություն, հաջողություն և արգասաբեր գործունեություն»:

Նշենք՝ այսօր քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ առաջարկել էր ՀՀ վարչապետին զանգահարել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին, շնորհավորել և ներկայացնել իրավիճակը Արցախում՝ խնդրելով վերականգնել և վերահաստատել Ադրբեջանին ռազմական օգնություն չտրամադրելու վերաբերյալ 907-րդ բանաձևի առնչությամբ իր դիրքորոշումը:

Лента

Рекомендуем посмотреть