Ալիևն անարդար և անհավասարակշիռ է որակել իր և կնոջ նկատմամբ Նիդերլանդների խորհրդարանի ընդունած պատժամիջոցները - RadioVan.fm

Онлайн

Ալիևն անարդար և անհավասարակշիռ է որակել իր և կնոջ նկատմամբ Նիդերլանդների խորհրդարանի ընդունած պատժամիջոցները

2020-11-18 18:34 , Политика, 1166

Ալիևն անարդար և անհավասարակշիռ է որակել իր և կնոջ նկատմամբ Նիդերլանդների խորհրդարանի ընդունած պատժամիջոցները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անհավասարակշիռ և անարդար է որակել իր և իր կնոջ՝ փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի նկատմամբ Հոլանդիայի խորհրդարանի ընդունած միջնորդությունները, որոնցով ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների համար նրանց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում։

«Նիդերլանդների խորհրդարանը, ցավոք, որոշում կայացրեց Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին: Իմ օգնականն ասաց, որ քննարկումների ընթացքում Հոլանդիայի արտաքին գործերի նախարարը հանդես է եկել ավելի հավասարակշռված մոտեցմամբ, սակայն խորհրդարանն այդպիսի անհավասարակշիռ և անարդար որոշում կայացրեց, և սա, իհարկե, չի նպաստի մեր երկրների սերտ հարաբերություններին»,-interfax փոխանցմամբ ասել է Ալիևը՝ Բաքվում Նիդերլանդների նորանշանակ դեսպան Պաուլին Էյզեմայի ընդունելությանը։

Գործակալության փոխանցմամբ՝ Ալիևը, ընդգծելով, որ սպասում է մեկնաբանությունների Նիդերլանդների կառավարության, արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև Եվրահանձնաժողովի կողմից՝ հայտարարել է, որ ադրբեջանցի զինվորականները մարտեր են մղել սեփական տարածքներում, երկրի տարածքային ամբողջականության վերականգնման համար։

Բաքվում Նիդերլանդների նորանշանակ դեսպանն ի պատասխան նշել է, որ Հոլանդիայի կառավարության դիրքորոշումը միշտ չէ, որ համընկնում է երկրի խորհրդարանի դիրքորոշման հետ։

Հիշեցնենք՝ Նիդերլանդների խորհրդարանը նախօրեին 5 միջնորդություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի դեմ թուրք-ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ, ըստ որոնց նախատեսվում է անհատական պատժամիջոցներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ, ինչպես նաև սպառազինության մատակարարման էմբարգո է սահմանվում ընդդեմ Թուրքիայի՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելու և Արցախի դեմ ագրեսիային մեղսակից լինելու համար:

Лента

Рекомендуем посмотреть