Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով ԵՄ երկրներին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ - RadioVan.fm

Онлайн

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով ԵՄ երկրներին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

2020-11-27 13:47 , Политика, 1033

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով ԵՄ երկրներին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Միջերկրական ծովում Հունաստանի և Կիպրոսի դեմ Թուրքիայի ագրեսիվ գործողությունների պատճառով (Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում նավթի և գազի պաշարների հորատման գործողությունների հետևանքով կողմերը տևական ժամանակ է՝ լարված հակամարտության մեջ են-խմբ.) Եվրախորհրդարանը հինգշաբթի՝ նոյեմբերի 26-ին, բանաձև է ընդունել՝ կոչ անելով Եվրամիության (ԵՄ) անդամ երկրներին կոշտ սահմանափակող միջոցներ կիրառել Թուրքիայի դեմ;

«Եվրապատգամավորները Եվրախորհրդին կոչ են անում պահպանել միասնական դիրքորոշում Թուրքիայի անօրինական գործողությունների նկատմամբ և ի պատասխան՝ խիստ պատժամիջոցներ կիրառել»,-ասվում է փաստաթղթում, որին կողմ է քվեարկել 631, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 59 պատգամավոր:

Միաժամանակ նշվում է, որ Եվրամիության և Թուրքիայի միջև հարաբերություններն առավել վատթարացել են, քանի որ Անկարան ավելի ու ավելի է հեռանում եվրոպական արժեքներից և չափանիշներից:

«ԵՄ-Թուրքիա հարաբերությունները գտնվում են պատմական ցածր մակարդակում, զգուշացնում է Խորհրդարանը: Արևելյան Միջերկրական ծովում նրա անօրինական և միակողմանի ռազմական գործողությունները խախտում են ԵՄ անդամ երկրների ՝ Հունաստանի և Կիպրոսի ինքնիշխանությունը: Եվրախորհրդարանականները նաև մատնանշում են Թուրքիայի անմիջական աջակցությունը Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, ինչպես նաև նրա գործողությունները Լիբիայում և Սիրիայում»,-ասված է եվրախորհրդարանականների ընդունած՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցները խստացնելու վերաբերյալ բանաձևում, որի շուրջ Եվրամիության որոշումը կարող է ընդունվել դեկտեմբերի 10-11-ին՝ ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովում:

Նշենք՝ այս ամսվա սկզբին գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել էր, որ Թուրքիան առաջիկա 30 տարիներին չի անդամակցի Եվրամիությանը (ԵՄ):

Лента

Рекомендуем посмотреть