Թուրքիան իրականությունից կտրված է որակել իր դեմ պատժամիջոցների կիրառում ենթադրող Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը - RadioVan.fm

Онлайн

Թուրքիան իրականությունից կտրված է որակել իր դեմ պատժամիջոցների կիրառում ենթադրող Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը

2020-11-27 14:12 , Мир, 894

Թուրքիան իրականությունից կտրված է որակել իր դեմ պատժամիջոցների կիրառում ենթադրող Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը

Անկարան իր նկատմամբ խիստ պատժամիժոցներ կիրառելու վերաբերյալ Եվրախորհրդարանի՝ նախօրեին ընդունած բանաձևը համարում է կանխակալ և իրականությունից կտրված:

«ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Ակսոյը հայտարարել է, որ իրենք մերժում են Եվրախորհրդարանի բանաձևը:

«Այս որոշումը, անկասկած, ընդունվել է Կիպրոսի հունական համայնքի թելադրանքով և ցույց է տալիս, թե Կիպրոսի հարցում Եվրախորհրդարանը որքանով է կողմնակալ և իրականությունից կտրված»,-ասել է Ակսոյը՝ ընդգծելով, որ նման դիրքորոշումը չի ծառայում Եվրամիության (ԵՄ) շահերին, Թուրքիայի հետ նրա հարաբերությունների բարելավմանը և Կիպրոսի խնդրի կարգավորմանը:

«Մենք առաջարկում ենք Եվրախորհրդարանին և ԵՄ-ին ընդունել Կիպրոսի իրողությունները և այնտեղ թուրքական համայնքի ներկայությունը, ինչպես նաև կատարել Կիպրոսի թուրքերի հանդեպ ԵՄ պարտավորությունները: Թուրքիան կշարունակի վճռականորեն պաշտպանել ինչպես իր, այնպես էլ նրանց իրավունքները՝ չտրվելով սպառնալիքներին ու սադրանքներին և շարունակելով երկխոսության ուղղությամբ ջանքերը»,- ավելացրել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

Գործակալությունը նշում է, որ Կիպրոսը 1974 թվականին թուրքական զինված ներխուժումից հետո բաժանվել է էթնիկ սկզբունքով. օկուպացված էր կղզու տարածքի 37% -ը, որի վրա 1983-ին հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը ճանաչել է միայն Թուրքիան:

Հայտնել էինք, որ Միջերկրական ծովում Հունաստանի և Կիպրոսի դեմ Թուրքիայի ագրեսիվ գործողությունների պատճառով (Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում նավթի և գազի պաշարների հորատման գործողությունների հետևանքով կողմերը տևական ժամանակ է՝ լարված հակամարտության մեջ են-խմբ.) Եվրախորհրդարանը հինգշաբթի՝ նոյեմբերի 26-ին, բանաձև է ընդունել՝ կոչ անելով ԵՄ անդամ երկրներին կոշտ սահմանափակող միջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:

Փաստաթղթի վերաբերյալ, որն ընդունվել է 631 կողմ, 3 դեմ, 59 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, Եվրամիության որոշումը կարող է ընդունվել դեկտեմբերի 10-11-ին՝ ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովում:

Лента

Рекомендуем посмотреть