2000 դոլարի դիմաց նորածնի առքուվաճառքի դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է, առաջադրվել են մեղադրանքներ․ ՔԿ - RadioVan.fm

Онлайн

2000 դոլարի դիմաց նորածնի առքուվաճառքի դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է, առաջադրվել են մեղադրանքներ․ ՔԿ

2020-12-09 18:29 , Право, 1012

2000 դոլարի դիմաց նորածնի առքուվաճառքի դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է, առաջադրվել են մեղադրանքներ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեից (ՔԿ) հայտնում են, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են նորածին երեխայի առքուվաճառքի դեպքի հանգամանքները:

Հաղորդվում է, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արարատի մարզի 39-ամյա բնակչուհին, ունենալով մոտ ութ ամսական հղիություն, 2020թ. հունիսին նույն մարզի բժշկական հաստատություններից մեկի մանկաբարձ-գինեկոլոգի և մանկաբարձուհու օժանդակությամբ, 2000 ԱՄՆ դոլարով երեխայի վաճառքը կատարելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել Երևանի բնակչուհու հետ:

«Պայմանավորվածության համաձայն՝ Արարատի մարզի բնակչուհին ընդունվել է Երևանի բուժհաստատություններից մեկը, որտեղ 2020թ. հուլիսի 8-ին ծննդաբերել է աղջիկ երեխա: 2020թ. հուլիսի 13-ին 39-ամյա կինը դուրս է գրվել բուժհաստատությունից, նույն օրը երեխային հանձնել է գնորդին՝ Երևանի բնակչուհուն, նրանից ստացել գումարի մի մասը՝ պայմանավորվելով գումարային հարցերը վերջնական լուծել որդեգրման փաստաթղթերը ամբողջությամբ ձևակերպելուց հետո:

Բացի այդ, նախազգուշացված լինելով սուտ տեղեկություններ հայտնելու համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվության մասին, ինչպես նաև հստակ իմանալով, որ Երևանի վերոնշյալ բնակչուհու ամուսինը՝ 43-ամյա տղամարդը, չի հանդիսանում իր նորածին դստեր կենսաբանական հայրը՝ Արարատի մարզի բնակչուհին, ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը վերջնական ավարտին հասցնելու համար, 2020թ. հուլիսի 13-ին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին հայտնել է ակնհայտ սուտ տեղեկատվություն, որի արդյունքում 43-ամյա տղամարդը ձեռք է բերել հայրության իրավունք և ստացել բովանդա­կությամբ կեղծ, հայրության որոշման մասին պետական վկայականները:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արարատի մարզի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) 1-ին մասով և 169.1 հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը): Երևանի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վերջինիս ամուսնուն, բուժհաստատության մանկաբարձ-գինեկոլոգին և մանկաբարձուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը»,-մանրամասնում են Քննչական կոմիտեից՝ նշելով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել դատախազին:

Лента

Рекомендуем посмотреть