Հայաստան վերադարձած 44 գերիների թվում է նաև 2018-ին գերեվարված տավուշեցի Կարեն Ղազարյանը․ մարզպետ - RadioVan.fm

Онлайн

Հայաստան վերադարձած 44 գերիների թվում է նաև 2018-ին գերեվարված տավուշեցի Կարեն Ղազարյանը․ մարզպետ

2020-12-15 15:33 , Общество, 1311

Հայաստան վերադարձած 44 գերիների թվում է նաև 2018-ին գերեվարված տավուշեցի Կարեն Ղազարյանը․ մարզպետ

Երեկ ուշ երեկոյան Հայաստան վերադարձած 44 գերիների թվում են նաև տավուշեցի Նարեկ Ամիրջանյանը և Կարեն Ղազարյանը, որը գերության մեջ էր գտնվում 2018-ից։

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Շնորհավորում եմ տղաներին, իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին։ Հուսանք, որ մնացածները ևս շուտ կվերադառնան իրենց ընտանիքներ»,-գրել է Չոբանյանը։

Հիշեցնենք՝ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող, առողջական խնդիրներով պայմանավորված դեռևս 2013 թվականից համապատասխան բուժհաստատությունում հաշվառման մեջ գտնվող Կարեն Ղազարյանը, 2018թ. հուլիսին անհայտ պայմաններում հայտնվել էր Ադրբեջանում։ Նա ներկայացվել է որպես հայկական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ՝ Բաքվի դատարանի փետրվարյան վճռով դատապարտվելով 20 տարվա ազատազրկման։

Բաքուն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին ԼՂՀ-ում դատապարտված դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ, ինչը հայկական կողմը ոչ իրավաչափ էր որակել։

Մինչդեռ երեկ՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման գործընթացի մեկնարկին հայկական կողմը Ադրբեջանին փոխանցեց հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական ԼՂՀ պետական սահմանը հատած, անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին առևանգելու ու սպանելու մեղադրանքով դատապարտված դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին, և մի քանի այլ գերիների՝ ընդհանուր 12 մարդ, իսկ Ադրբեջանից Հայաստան վերադարձվեցին 44 գերիներ:

Ըստ «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանի՝ 44 գերուց 4-ը զինծառայող է՝ գերեվարված մինչև 27.09.2020թ, 1-ը՝ քաղաքացիական, գերեվարված մինչև 27.09.20թ, 26-ը՝ զինծառայող, գերեվարված 27.09.20թ-ից հետո, 13-ը՝ քաղաքացիական, գերեվարված 27.09.20թ-ից հետո:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть