ՀՀ զինված ուժերի զորահամալրումը և լրահամալրումը ռազմական գործողությունների ողջ ընթացքում, նաև դրանից հետո երբեք չի դադարեցվել․ Դատախազություն - RadioVan.fm

Онлайн

ՀՀ զինված ուժերի զորահամալրումը և լրահամալրումը ռազմական գործողությունների ողջ ընթացքում, նաև դրանից հետո երբեք չի դադարեցվել․ Դատախազություն

2020-12-22 15:46 , Право, 960

ՀՀ զինված ուժերի զորահամալրումը և լրահամալրումը ռազմական գործողությունների ողջ ընթացքում, նաև դրանից հետո երբեք չի դադարեցվել․ Դատախազություն

Պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի (ԶՈւ) լրահամալրման և զորահամալրման դադարեցման վերաբերյալ պնդումները քննությամբ հերքվել են:

Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ մանրամասնելով․

«2020թ. նոյեմբերի 21-ին ՀՀ քերական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ 2020թ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք հակասել են ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա։

Նշվել էր նաև, որ հաշվի առնելով սույն գործի նկատմամբ հանրային մեծ ուշադրությունը՝ առաջնահերթ՝ արդյունավետ նախաքննության շահերի հաշվառմամբ, հանրությունը կիրազեկվի քննության ընթացքի, արդյունքների մասին: Ընդ որում՝ գործով նախաքննությունն իրականացվում է Մ. Հակոբյանի կողմից նշված ուղղություններից յուրաքանչյուրով՝ պատշաճ խորությամբ առանձին հանգամանքները պարզելու նպատակով:

Մասնավորապես, նախաքննության ընթացքում Մովսես Հակոբյանը, անդրադառնալով լրահամալրման և զորահամալրման գործընթացներին, հայտնել է, որ իր կարծիքով, տեղի է ունեցել հանցագործություն, քանի որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է լրահամալրումը, ինչի մասին տեղեկացել է այն պաշտոնատար անձանցից, ովքեր պարտականություն են ունեցել լրահամալրման և զորահամալրման գործընթացը կազմակերպելու։

Նա հավելել է, որ ՀՀ վարչապետի կողմից լրահամալրման և զորահամալրման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ առկա է ձայնագրություն, և կարծում է, որ այն կատարվել է այդ գործընթացի համար օրենքի ուժով պատասխանատու անձանց կողմից:

Նշված հանգամանքների ստուգման նպատակով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների թվում՝ այդ կապակցությամբ հարցաքննվել են նաև ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման, ՀՀ Զինված ուժերի ԳՇ անձնակազմի կառավարման ԳՎ զորահավաքային վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք (այդ թվում Մ. Հակոբյանի կողմից մատնանշված), ովքեր հերքել են զորքերի լրահամալրումը և զորահամալրումը դադարեցնելու վերաբերյալ կարգադրություն ստանալու և այդ գործընթացը դադարեցված լինելու հանգամանքը։

Նախաքննության ընթացքում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունից ստացվել են զորքերի լրահամալրման և զորահամալրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց զննությամբ պարզվել է, որ ՀՀ զինված ուժերի զորահամալրումը և լրահամալրումը ռազմական գործողությունների ողջ ընթացքում, նաև դրանից հետո երբեք չի դադարեցվել և սահմանված ընթացակարգով կազմակերպվել ու իրականացվել է։ Ընդ որում, քննությամբ ձեռնարկված միջոցներով պարզվել է, որ կամավորների ընդգրկումը զինծառայության մեջ որևէ ազդեցություն, փոփոխություն չի առաջացրել սահմանված կարգով լրահամալրման և զորահամալրման աշխատանքներում:

Վերը հիշատակված խորհրդակցության վերաբերյալ որևէ ձայնագրություն Մ. Հակոբյանի կողմից քննությանը չի ներկայացվել, վերջինիս մատնանշած ուղղությամբ իրականացված անհրաժեշտ քննչական գործողություններով ևս ՀՀ ԶՈՒ լրահամալրման և զորահամալրման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ խորհրդակցության, դրա ընթացքում ՀՀ վարչապետի կողմից հրահանգներ տալու մասին վկայող ձայնագրություններ չեն հայտնաբերվել:

Պատշաճ դատախազական հսկողության ներքո քրեական գործով նախաքննությունը շարունակվում է՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ ինչպես ասուլիսի ընթացքում ներկայացված, նաև մնացած բոլոր հանգամանքները պարզելու և իրավական գնահատականներ տալու նպատակով»:

Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, նոյեմբերի 19-ին «Հայելի» ակումբում հանդես գալով ընդարձակ մամուլի ասուլիսով՝ հայտարարել էր, որ պատերազմի երրորդ օրը վարչապետը կանգնեցրել է բանակի լրահամալրումը և հանձնարարել առաջնագիծ ուղարկել կամավորականներին: Նա ընդգծել էր, որ իր խոսքերը որևէ մեկը հերքել չի կարող, քանի որ կան ձայնագրություններ։

Գեներալ Մ․ Հակոբյանի ասուլիսի տեսագրությունն ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար: Հարուցված քրեական գործի , շրջանակում Մովսես Հակոբյանը երկու անգամ հրավիրվել է ՀՔԾ։ Դեկտեմբերի 16-ին ՀՔԾ-ն տարածած հաղորդագրությամբ հայտնեց, որ Մովսես Հակոբյանի հարցաքննության ընթացքում, նպատակ ունենալով առկայության դեպքում անմիջապես առգրավել կամ այլ եղանակով ձեռք բերել քննարկվող ձայնագրությունը, նախաքննական մարմինը նրանից պահանջել է այն, սակայն Մ. Հակոբյանը ոչ միայն հստակ տեղեկատվություն չի ներկայացրել նման ձայնագրությունը տիրապետող անձի վերաբերյալ, այլ ըստ էության խուսափողական պատասխաններ է տվել այդ հարցերի կապակցությամբ։

Лента

Рекомендуем посмотреть