Բաքուն թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին մուտք գործել Արցախ ու գնահատել հայկական պատմամշակութային հուշարձանների վիճակը․ Գարեգին Բ-ն՝ «Իզվեստիա»-ին - RadioVan.fm

Онлайн

Բաքուն թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին մուտք գործել Արցախ ու գնահատել հայկական պատմամշակութային հուշարձանների վիճակը․ Գարեգին Բ-ն՝ «Իզվեստիա»-ին

2021-01-14 18:36 , Политика, 1288

Բաքուն թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին մուտք գործել Արցախ ու գնահատել հայկական պատմամշակութային հուշարձանների վիճակը․ Գարեգին Բ-ն՝ «Իզվեստիա»-ին

Բաքուն հրաժարվում է թույլ տալ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակութային կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին՝ մուտք գործել Արցախ ու գնահատել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող եկեղեցիների ու պատմական հուշարձանների վիճակը։

Այդ մասին ռուսական «Իզվեստիա» լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ հայտարարելով, որ Ադրբեջանի վերահսկողության տակ Արցախի տարածքում գտնվող եկեղեցիներն ու պատմական հուշարձանները վտանգված են:

Գարեգին Բ-ն ընդգծել է, որ ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր ջանքերը՝ պատմական ու մշակութային հուշարձանների պահպանությունն ապահովելու համար, նաև ասել, որ Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի նպատակն է վերահսկել միջազգային նշանակության հուշարձանների պահպանությունը:

Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը նշել է, որ դիմել են հոգևոր առաջնորդներին, միջազգային մշակութային կազմակերպություններին ու կառույցներին, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին, սակայն Բաքվի կողմից վերահսկվող տարածքներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդներ ընդունելու առաջարկը Ադրբեջանի կողմից աջակցություն չի գտել:

Գարեգին Երկրորդը միաժամանակ հույս է հայտնել, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ Ռուսաստանի ջանքերով հնարավոր կլինի անհապաղ քայլեր ձեռնարկել հուշարձանների պահպանման ուղղությամբ:

Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Ազգային տնտեսության և պետական կառավարման ռուսական ակադեմիայի Հյուսիս-Արևմուտքի ինստիտուտի կառավարման և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Իննա Վետրենկոն էլ «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտնելով, որ փորձագիտական համայնքը դեռ դեկտեմբերին քննարկել է հայկական հուշարձաններին վերաբերող հարցեր՝ նշել է․

«Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում համաշխարհային նշանակության շատ հայկական օբյեկտներ կան, և միակ միջազգային կառույցը, որը կարող էր վերահսկել հուշարձանների պահպանությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն է: Եւ հիմա խիստ մտահոգիչ է, որ Ադրբեջանը դիրքորոշում է ընդունել՝ փորձագետներ չթողնել Ղարաբաղ, և ոչ միայն հայկական կողմից: Այս իրավիճակում Մոսկվան կարող է նպաստել իրավիճակի կարգավորմանը, քանի որ Ռուսաստանը բանակցություններում խաղում է որպես արբիտր: Մեր երկիրը կարող էր ստանձնել այս առաքելությունը. Լոբբինգ անել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդներին ներս թողնելու որոշման համար և հայկական կողմի հետ երկխոսության մեջ մտնել, նրանց որոշակի երաշխիքներ տալ»,- ասել է Իննա Վետրենկոն։

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների ավարտի մասին հայտարարության ստորագրումից հետո 2020 թվականի դեկտեմբերին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) դեսպան Միխայիլ Բոչարնիկովը վստահեցրել է, որ Բաքուն կկարողանա ապահովել Ղարաբաղում իր վերահսկողության տակ անցած քրիստոնեական սրբությունների անվտանգությունը։

Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովն էլ, ընդգծելով, որ «իրենք երբեք չեն պայքարում հուշարձանների հետ», հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող պատմական և մշակութային հուշարձանները կպահպանվեն և հասանելի կլինեն բոլոր, այդ թվում՝ հայկական համայնքի համար։

Սակայն, ընդգծենք, ինչպես ռազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ ներկայում, հակառակորդը շարունակում է Արցախի հայկական կրոնական օբյեկտների պղծումն ու ոչնչացումը։ Վառ օրինակը՝ պատերազմի օրերին Շուշի քաղաքում գտնվող Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումն էր, օրեր առաջ էլ՝ Հադրութի Առաքել գյուղում տեղադրված հայկական խաչքարի պղծումը։

Лента

Рекомендуем посмотреть