12 վարչական շրջաններից 10-ում «կարմիր» գծերը կվերացվեն, 24-ժամյա վերահսկողություն կիրականացվի շուրջ 1500 տեսախցիկներով - RadioVan.fm

Онлайн

12 վարչական շրջաններից 10-ում «կարմիր» գծերը կվերացվեն, 24-ժամյա վերահսկողություն կիրականացվի շուրջ 1500 տեսախցիկներով

2021-02-08 19:09 , Политика, 714

12 վարչական շրջաններից 10-ում «կարմիր» գծերը կվերացվեն, 24-ժամյա վերահսկողություն կիրականացվի շուրջ 1500 տեսախցիկներով

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքի 12 վարչական շրջաններից 10-ում կվերացվեն «կարմիր» գծերը, դրանք կմնան միայն Կենտրոնում և Արաբկիրում․ խորհրդարանն ամբողջությամբ ընդունել է օրենսդրական փաթեթը, որով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն նախագահի վավերացումից հետո:

«Հիմնական փոփոխությունները վերաբերում են վարորդների արդարացի դժգոհությունները բավարարելուն և դրանք հնարավորինս զրոյացնելուն»,- նշել է Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Կարմիր գծերի ներդրման սկզբնական փուլում այն չծառայեց նպատակին, քանի որ փորձը ցույց տվեց, որ առհասարակ կայանման խնդիր չլուծվեց և կայանման բարելավում չիրականացվեց, իսկ շատ վարորդների համար ավելի շատ խնդիրներ առաջացրեց: Նախկինում եթե վերահսկվում էր այդ տարածքը ինչ-որ անձանց կողմից և հնարավոր էր, որ վնասեին մեքենան ու չկարողանային փախչել, ապա այս իրավիճակում խնդիրը մնացել էր, քանի որ տեսանկարահանումն ամբողջ քաղաքում չէր իրականացվում՝ որտեղ առկա էին կարմիր գծերը»,-քաղաքապետարանի լրատվության վարչության փոխանցմամբ՝ ընդգծել է «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը:

Այսուհետ՝ օրը 24 ժամ ավտոկայանատեղիներում տրանսպորտային միջոցների շարժը կվերահսկեն տեղադրված շուրջ 1500 տեսախցիկները: Այս կերպ առավել թափանցիկ կդառնա ողջ գործընթացը, վարչարարությունն էլ կիրականացվի բացառապես տեսանյութի առկայության պարագայում:

«Այդ տեսախցիկները տեղադրված են Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում, և օրենքը ուժի մեջ մտնելու պահից սկսած հսկողությունն իրականացվելու է բացառապես այն տարածքներում, որտեղ դրանք առկա են: Ներկայումս ապացուցողական բազան լինելու է անբեկանելի, բոլոր փաստերն առկա են լինելու և իրավական տեսանկյունից՝ ավելի ուժեղ»,-շեշտել է «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ տնօրեն Վազգեն Հարությունյանը:

Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ փորձել են մարդկային գործոնը զրոյականի հասցնել. «Տեսախցիկներում տեղադրված է համապատասխան ծրագիր, որն ավտոմատ կերպով մեքենայի կայանման փաստից անմիջապես հետո գրանցում է պետհամարանիշները և 15 րոպե հետո նույն կերպ առանձնացնում այդ հատվածը, իսկ հետագայում համեմատվում է՝ արդյոք այդ մեքենայի տերը վճարում կատարե՞լ է, թե՝ ոչ, և եթե չի կատարել, բնականաբար, վարչական ակտ է կազմվում»։

Նախկինում իրավախախտման դեպքերն արձանագրվում էին հիմնականում շրջիկ մեքենայի, որոշ հատվածներում նաև՝ տեղադրված տեսախցիկների միջոցով, ինչն էլ բազմաթիվ դժգոհությունների առիթ էր դառնում:

«Նախկինում, երբ շրջիկ մեքենան պտտվում էր, կարող էր նույն տարածք վերադառնալ մեկից երկու ժամ հետո և, այո, կարող էին լինել դեպքեր, երբ տվյալ վայրում կայանած վարորդը լքած լիներ վայրը և նորից վերադարձած, ու արդյունքում համընկնում լիներ շրջիկ մեքենայի մյուս պտույտի ընթացքում»,- նկատել է Սիսակ Գաբրիելյանը:

«Համապատասխան գործիքակազմ է ներդրվելու, մասնավորապես ծանուցվող վարչական ակտն ունենալու է համապատասխան փին-կոդ՝ ծածկագիր, որով yerevan.am կայքում անձը կարող է ներբեռնել տեսանյութը և դիտել իր 15 րոպե անընդմեջ կայանված լինելու փաստը»,-տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Արամ Աբովյանը:

Փոփոխված օրենքի հաջորդ՝ ամենակարևոր դրույթներից մեկն էլ վերաբերում է վաճառքի կամ վարձույթի համար երկարաժամկետ կայանած ավտոմեքենաներին։ Այդ մեքենաների համար կլինեն հատուկ վայրեր և հատուկ սակագներ, որոնք որոշելու է Երևանի ավագանին։

«Այդ դեպքերի համար Երևանի ավագանին կարող է սահմանել վճարի շատ ավելի բարձր դրույքաչափ, որով կսահմանափակի կամ կխոչընդոտի տվյալ տիպի գործունության իրականացումը: Օրենքը վերաբերում է նաև այն տրանսպորտային միջոցներին, որոնք կայանած են վճարովի ավտոկայանատեղերում և որոնց պետհամարանիշը կամ բացակայում է կամ փակ է. այդ տրանսպորտային միջոցները կտեղափոխվեն հատուկ պահպանման տարածք»,-պարզաբանել է «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ տնօրեն Վազգեն Հարությունյանը:

Նշվում է, որ համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղերի սակագներն, ի դեպ, կմնան անփոփոխ. մեկ ժամվա համար՝ 100, մեկ տարվա համար՝ 12 000 դրամ:

Նոր օրենքի հաջորդ փուլով նախատեսվում է բջջային հավելվածի ստեղծում: Վերջինս քաղաքացիներին հնարավորություն կտա կատարել վճարում, ծանուցումներ ստանալ կայանման ավարտի ժամի վերաբերյալ, իրավախախտման դեպքում դիտել իրենց տեսանյութերը, ինչպես նաև տեղեկատվություն ստանալ քաղաքում առկա ազատ ավտոկայանատեղերի վերաբերյալ: Բջջային հավելվածը նախատեսվում է գործարկել այս տարեվերջին:

Лента

Рекомендуем посмотреть