«Սահմանային գյուղերի հետ կապված որևէ ինֆորմացիայի կառավարությունը չի տիրապետում». գյուղապետը՝ Խնձորեսկը սահմանամերձների ցանկում չներառելու մասին - RadioVan.fm

Онлайн

«Սահմանային գյուղերի հետ կապված որևէ ինֆորմացիայի կառավարությունը չի տիրապետում». գյուղապետը՝ Խնձորեսկը սահմանամերձների ցանկում չներառելու մասին

2021-02-17 16:49 , Политика, 740

«Սահմանային գյուղերի հետ կապված որևէ ինֆորմացիայի կառավարությունը չի  տիրապետում». գյուղապետը՝ Խնձորեսկը սահմանամերձների ցանկում չներառելու մասին

Խնձորեսկի գյուղապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի ղեկավար Երվանդ Մալունցի հայտարարությունը, որում ասված է.

«Երեկվանից համացանցում, և ոչ միայն, ակտիվ քննարկման թեմա է դարձել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սահմանամերձ գյուղերի՝ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ցուցակը:

Պատերազմի ավարտից ի վեր՝ տեղի են ունենում սահմանազատման աշխատանքներ, որոնց, հայկական կողմից, մասնակցում են տեղաբնակները և բանակը. պարզ է, որ կառավարությունից ոչ ոք տեղյակ չէ, թե որ գյուղը թշնամու հետ սահմանային ինչ մակարդակի և լրջության խնդիրներ ունի. արձանագրենք փաստ, որ սահմանի և սահմանային գյուղերի հետ կապված որևէ ինֆորմացիայի կառավարությունը չի տիրապետում:

Խնձորեսկցին այսօր հնարավորություն չունի իր իսկ սեփական դաշտում սեզոնային աշխատանքներ իրականացնելու, քանի որ զինված թշնամին «այդպես է կամենում»: 434 տնտեսություն ունեցող գյուղը, որի մշտական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է, այսօր կանգնած է ապրուստի միջոցն իսպառ կորցնելու առաջ. Խնձորեսկի երիտասարդներից ամեն մեկը մի ձորում, զենքը ձեռքին, քունն ու հանգիստը կորցրած, անասուն է պահում, որ կարողանա իր ընտանիքի կարիքները հոգալ, և հարց. սահմանամերձն էլ ո՞նց է լինում:

Հ.Գ. ՀՀ կառավարություն, լուրջ հարցերում մի՛ վռազիր, իսկ հավանությունն այդքան էլ քոնը չէ կարևոր, այլ՝ սահմանին ապրող գյուղացունը. ամեն ինչ պետք է համապատասխանի իրականությանը»:

Նշենք՝ փետրվարի 10-ին Խնձորեսկի գյուղապետարանը հայտարարություն էր տարածել՝ Խնձորեսկի և Ներքին Խնձորեսկի բնակիչներին տեղեկացնելով, որ սահմանային կորուստներով պայմանավորված՝ Խնձորեսկում մարտի 1-ից խստիվ արգելվում է անասունների արածեցումը ուրիշի սեփականությունը հանդիսացող հողերում:

Մինչդեռ, Խնձորեսկը ներառված չէ, ՀՀ կառավարության փետրվարի 11-ի նիստում հաստատված սահմանամերձ համանքների ցանկում ևս 39-ը ավելացնելու մասին նախագծում, որի համաձայն՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզի նշյալ թվով համայնքները ներառվել են ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть