Պավլիկ Մանուկյանը և Վարուժան Ավետիսյանը դատապարտվեցին 7 տարով․ հրապարակվել է «Սասնա ծռեր»-ի 10 անդամի գործով դատավճիռը - RadioVan.fm

Онлайн

Պավլիկ Մանուկյանը և Վարուժան Ավետիսյանը դատապարտվեցին 7 տարով․ հրապարակվել է «Սասնա ծռեր»-ի 10 անդամի գործով դատավճիռը

2021-02-24 14:58 , Право, 994

Պավլիկ Մանուկյանը և Վարուժան Ավետիսյանը դատապարտվեցին 7 տարով․ հրապարակվել է «Սասնա ծռեր»-ի 10 անդամի գործով դատավճիռը

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավման գործով դատավարությունը 10 անդամի մասով ավարտվեց. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր՝ նախագահությամբ Պետրոս Մակյանի, հրապարակվել է «Սասնա ծռեր»-ի 10 անդամի գործով վճիռը:

Դատարանի վճռով Արայիկ Խանդոյանի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը՝ անձի մահվան հիմքով:

Վերջնական պատժի նշանակման համար, դատարանը հաշվի առնելով նախաքննության և դատաքննության ընթացքում ամբաստանյալների կալանքի տակ գտնվելու ժամկետները, Պավել Մանուկյանին մեղավոր է ճանաչել և պատիժ նշանակել ազատազրկում 7 տարի 8 ամիս ժամկետով, Վարուժան Ավետիսյանի ազատազրկման ժամկետ է նշանակվել 7 տարի 4 ամիսը, Մխիթար Ավետիսյանն ազատազրկման է դատապարտվել 7 տարի 6 ամիս ժամկետով, Էդուարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս ժամկետով, Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս ժամկետով, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս ժամկետով, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս ժամկետով, Սմբատ Բարսեղյանը 25 տարի ժամկետով, Արմեն Բիլյանը՝ 4 տարի 11 ամիս ժամկետով։

Վճռի հրապարակման մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ 2016 թ. հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» զինված խումբը ներխուժել էր Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք՝ պահանջելով ՀՀ իշխանությունների հրաժարականը, այդ թվում՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի, ՀՀ-ում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, Արցախի Հանրապետության ամբողջականության պահպանումը։

Շուրջ կես ամիս տարածքը պահելով իրենց վերահսկողության ներքո՝ խմբի անդամները վայր դրեցին զենքերը՝ հայտարարելով, որ «ընտրում են ռազմագերու կարգավիճակ»։ Ծավալված իրադարձություններին զոհ դարձավ 3 ոստիկան։

2017 թվականի մարտի 16-ին էլ, ժամը 15.40-ին՝ «Արմենիա» ԲԿ-ում էլ մահացավ «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը, ով 2016-ի հուլիսի 26-ին, առավոտ վաղ ճեղքելով ոստիկանական պատնեշը՝ հաց էր հասցրել 10 օր անոթի վիճակում ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին։

ՊՊԾ գնդի գրավման փաստի առթիվ հարուցված քրեական գործը բաժանվել էր երեք վարույթի: Ամբաստանյաներին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և կրելու, կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու և պահելու, դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև երկուսից ավելի անձանց պատանդ վերցնելու և պահելու, զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու, հրկիզման եղանակով դիտավորությամբ տրանսպորտի միջոցներ ոչնչացնելու համար:

ՀՀ-ում 2018-ի գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունից հետո «Սասնա Ծռեր»-ը հանդես էին եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ձևավորված իշխանություններին հորդորելով «դադարեցնել ապստամբների նկատմամբ նախորդ ռեժիմի սկսած հաշվեհարդարը»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть