Գիշերը Բաղրամյանում խաղաղ է եղել. 13։00-ին հրավիրում են հավաքի - RadioVan.fm

Онлайн

Գիշերը Բաղրամյանում խաղաղ է եղել. 13։00-ին հրավիրում են հավաքի

2021-02-26 12:39 , Политика, 1378

Գիշերը Բաղրամյանում խաղաղ է եղել. 13։00-ին հրավիրում են հավաքի

«Հայրենիքի փրկության շարժում»-ը, որի աջակիցները գիշերել են Բաղրամյան պողոտայում, այսօր՝ ժամը 13։00-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց հրավիրում են հանրահավաքի։

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ ժամը 13։00-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք։

Բաղրամյան պողոտայում գիշերն անցել է խաղաղ ու աշխատանքային մթնոլորտում։ Մարդկանց եռուզեռը չէր դադարում մինչև ուշ գիշեր։

Վաղ առավոտյան այստեղ էր Վազգեն Մանուկյանը, այստեղ են Շարժման ներկայացուցիչները։ Քաղաքացիները նույնպես շարունակում են հավաքվել Ազգային ժողովի դիմաց։

Հորդորում ենք բոլորին ժամը 13։00-ին լինել այստեղ»,-ասված է Շարժման տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները երեկ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքից հետո՝ երթով շարժվել են Ազգային ժողովի (ԱԺ) շենքի մոտ։

«Իշխանության հարցը լուծվելու է Ազգային ժողովում: Մեր շտաբն այստեղ է: Կմնանք այստեղ, թող ինքը գա, թելադրենք, թե ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է ինքը հեռանա: Կփակենք այս փողոցը, այն չի աշխատելու: Սպասելու ենք, Ազգային ժողովի պատգամավորներին պետք է բերենք, որ քվեարկեն, վարչապետին հանեն: Պատրաստվեք՝ ամբողջ գիշերն էլ ենք այստեղ մնալու, մեկը կգնա, մյուս կգա, իրար կփոխարինենք, բայց այստեղ բարիկադներով երկու ծայրից փողոցը կփակենք»,-իր ելույթում ասել էր ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ ժողովրդին կոչ անելով չհոգնել, որովհետև ապագա բոլոր սերունդների համար են հիմա պայքարում, նրա ձևակերպմամբ, պատմական պահ է, պետք է լինել խիզախ, տոկուն, համբերատար։

Лента

Рекомендуем посмотреть