Շուրջ 4-ամսյա գերությունից ազատ է արձակվել լիբանանահայ Մարալ Նաջարյանը․ նա Բեյրութում է - RadioVan.fm

Онлайн

Շուրջ 4-ամսյա գերությունից ազատ է արձակվել լիբանանահայ Մարալ Նաջարյանը․ նա Բեյրութում է

2021-03-11 10:10 , Общество, 1382

Շուրջ 4-ամսյա գերությունից ազատ է արձակվել լիբանանահայ Մարալ Նաջարյանը․ նա Բեյրութում է

Երեկ Ստամբուլ-Բեյրութ չվերթով Բեյրութ՝ որդիների մոտ է վերադարձել նոյեմբերի 10-ին Բերձորում գերեվարված ու այս ընթացքում Բաքվի բանտում գտնված լիբանանահայ Մարալ Նաջարյանը։

Լուրը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժնի «Հայերն այսօր» ծրագրի հետ զրույցում հաստատել էԼիբանանում Հայաստանի դեսպանությունը:

«Երբ երեկ Ստամբուլի ժամանակով 9 անց 30 Մարալը նստեց Բեյրութ տանող ինքնաթիռը և ինձ արդեն Մոսկվայից տեղեկացրեցին, որ այլևս ամեն ինչ ապահով է՝ ես գրեցի՝ «մեր աղոթքները էս պահին քեզ հետ են Մարալ»,-այսօր ֆեյսբուքյան իր էջում էլ գրել է

Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր «ամեն ինչ արեցին՝ հրապարակային և ոչ հրապարակային, որպեսզի այս խիզախ կինը ազատվի գերությունից»։

Զորհրաբյանը, մասնավորապես, շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհրդի նախագահին, Լիբանանի կառավարությանը, Լիբանանի Կարմիր Խաչին, Լիբանանի ՀՅԴ կառույցին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) զինծառայողների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանին, ռուսաստանաբնակ իր լավ բարեկամ Արայիկ Բաղդասարյանին և մի քիչ էլ իրեն։

«Եթե էսպես միակամ աշխատենք՝ մեր մյուս ռազմագերիների և գերեվարված կանանց դեպքում ևս կհաջողենք»,-վստահություն է հայտնում պատգամավորը։

Նշենք՝ Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող Մարալ Նաջարյանը նախորդ տարվա օգոստոսի 4-ի Բեյրութում հնչած պայթյունից հետո՝ օգոստոսի 29-ին, քրոջ՝ Անիի հետ, տեղափոխվել էր Հայաստան, որոշում կայացրել վերաբնակեցման ծրագրով հաստատվել Արցախում։ Քույրերին տուն է առաջարկվել Բերձորում կամ Շուշիում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից երկու շաբաթ առաջ, մինչև տրամադրվող տան վերջնական պատրաստ լինելը, քույրերն իջևանել են Շուշիի հյուրանոցում։ Կլիմայական պայմանների պատճառով՝ բարձրադիր գոտի, բարձր ճնշում, լավ չեն զգացել ու տեղափոխվել են Բերձոր։ Մեկ օր անց սկսվել է պատերազմը։ Մեկ շաբաթ անց՝ Լաչինի կամրջի պայթյունից հետո, փախել են Երևան։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին, երբ այն ուժի մեջ էր մտել, Մարալը որոշել է գնալ Բերձոր՝ իրերը վերցնելու։ Սակայն, ինչպես հետո պարզվեց, ճանապարհին ադրբեջանցիները նրան, ինչպես նաև նրա հետ Բերձոր մեկնած լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին գերեվարել էին։ Վերջինս, ի դեպ, ներկայացվել է որպես որպես վարձկան, ահաբեկիչ, նրան 5 մեղադրանք է առաջադրվել։

Հավելենք, որ, ըստ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի, Ադրբեջանում գտնվում է առնվազն 4 հայ կին գերի։

Օրեր առաջ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆրանսալեզու “L’Orient-Le Jour” թերթի հետ զրույցում խոսելով Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանի մասին՝ ընդգծել էր, որ նա քաղաքացիական գերի է ու պետք է անհապաղ ազատ արձակվի:

Նշնեք՝ մինչ այս պահը Հայաստան էր վերադարձվել 69 գերի։ Հայկական կողմի տվյալով՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվն անցնում է 100-ից։ Անցած ամիս, մինչդեռ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն վերադարձրել է հայազգի քաղաքացիներին, ովքեր գերեվարվել էին պատերազմի ընթացքում, և Ադրբեջանում պահվում են միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտները»։ Ալիևի այս պնդումը Հայաստանում պաշտոնական արձագանք չի ստացել,

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть