Ադրբեջանում գտնվող Մարալ Նաջարյանը քաղաքացիական գերի է և պետք է անհապաղ ազատ արձակվի․ ՄԻՊ-ը՝ ֆրանսալեզու թերթին - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանում գտնվող Մարալ Նաջարյանը քաղաքացիական գերի է և պետք է անհապաղ ազատ արձակվի․ ՄԻՊ-ը՝ ֆրանսալեզու թերթին

2021-03-04 18:44 , Право, 551

Ադրբեջանում գտնվող Մարալ Նաջարյանը քաղաքացիական գերի է և պետք է անհապաղ ազատ արձակվի․ ՄԻՊ-ը՝ ֆրանսալեզու թերթին

Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսալեզու “L’Orient-Le Jour” թերթին՝ խոսելով Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանի մասին։

ՀՀ օմբուդսմենն ընդգծել է, որ Մարալի երկքաղաքացի լինելը չի փոխում նրան առևանգելու և պատանդ վերցնելու փաստը, և որ նա քաղաքացիական գերի է ու պետք է անհապաղ ազատ արձակվի:

Արման Թաթոյանը միաժամանակ նշել է, որ Ադրբեջանը հայ ռազմագերիներին և պատանդներին ներկայացնելով որպես ահաբեկիչներ կամ հանցագործներ՝ արհեստականորեն ձգձգում է նրանց վերադարձնելու գործընթացը։

Նշենք՝ ֆրանսալեզու պարբերականն անդրադառնում է Մարալի և նրա ընտանիքի պատմությանը, թե ինչպես է նա քրոջ՝ Անիի հետ հեռացել Լիբանանից և որոշում կայացրել վերաբնակեցման ծրագրով հաստատվել Արցախում, այնուհետ, պատերազմի օրերին, գերեվարվել ադրբեջանցիների կողմից։ Մարալի հարազատների ջանքերի արդյունքում՝ կապ Հայաստանի և Լիբանանի իշխանությունների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ, 2021 թ. փետրվարի 12-ին, Կարմիր խաչի լիբանանյան մասնաճյուղից լուր են ստանում, որ երիտասարդ կինը Բաքվից 70 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բանտում է, ողջ է ու առողջ։ Քույրը թերթին ասել է, որ այլ տեղեկություններ չունեն։

Ի դեպ՝ հայաստանյան պաշտոնական աղբյուրները Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց թվի վերաբերյալ որևէ հստակ տեղեկություն չեն հայտնում՝ ընդգծելով, որ դա «պետական ու ծառայողական գաղտնիք է»։ Թեև ՀՀ ՄԻՊ համոզմամբ ՀՀ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների այն թիվը, որոնք իր տրամադրության ներքո առկա տվյալների համաձայն կամ իր համոզմամբ՝ ներկայում պահվում են Ադրբեջանում գերության մեջ: Դա, ըստ Թաթոյանի, հնարավորություն կտա գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցով զգալիորեն մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նաև այդ երկրի նկատմամբ առաջ կգան լրացուցիչ պարտավորություններ դնելու հիմքեր։

Հավելենք, որ, ըստ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի, Ադրբեջանում գտնվում է առնվազն 4 հայ կին գերի։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть