Կառավարությունը ստեղծելու է անկախ կյանքի կենտրոններ՝ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար - RadioVan.fm

Онлайн

Կառավարությունը ստեղծելու է անկախ կյանքի կենտրոններ՝ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար

2021-03-18 18:31 , Политика, 844

Կառավարությունը ստեղծելու է անկախ կյանքի կենտրոններ՝ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը:

Նախագծում ընդգծվում է․

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարեկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ, Ադրբեջանը սանձազերծել է լայնածավալ պատերազմ Արցախի դեմ։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմաօդային ուժերի, զրահատեխնիկայի, հրթիռահրետանային միջոցների և հարվածային ԱԹՍ-ների, միջազգային հումանիտար իրավունքով արգելված զինատեսակների կիրառման հետևանքով մեծ է վիրավորների թիվը: Վիրավորում ստացած մեծ թվով քաղաքացիներ նախնական գնահատմամբ կարող են ունենալ ֆունկցիայի կայուն խանգարումներ և բախվել միջավայրային այնպիսի արգելքների, որոնք կարող են խոչընդոտել նրանց իրավունքների լիարժեք իրականացմանը և ներառմանը հասարակության կյանքի բոլոր ոլորտներում։ Այս թիվը համալրում են նաև նախորդ տարիներին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների, և ընդհանրապես զինծառայության ժամանակ վիրավորում կամ վնասվածք ստացածհաշմանդամություն ունեցող անձինք»։

Նշվում է նաև, որ զինվորական ծառայության ժամանակ վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձինք կարող են առերեսվել նոր իրականությանը, երբ տարբեր միջավայրային և անհատական գործոնների համակցության հետևանքով կարող են չունենալ ինքնուրույնության և անկախ կյանքի նույն հնարավորությունները, ինչ նախկինում: Հետևաբար, ընդգծվում է նախագծում՝ առկա իրավիճակում պետության առաջ ծառացած առաջնահերթ խնդիրներից է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման ապահովումը՝ սոցիալական, կրթական, մշակութային և տնտեսական ծրագրերի և միջոցառումների ամբողջության միջոցով։

Ծրագրի խնդիրներն են՝ զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց կարիքների գնահատման ապահովում բազմամասնագիտական թիմի կողմից, գնահատված կարիքների հիման վրա հասցեական և համալիր ծառայությունների մատուցում, անկախ կյանքի և համայնքում ներառվելու, զբաղվածության ապահովման գործուն մեխանիզմների ներդնում և այլն: Ծրագրով սահմանված նպատակներին հասնելու նպատակով նախատեսվում է սոցիալական ծառայությունների մատուցում, որն ընդգրկում է՝ կարիքների գնահատում, անհատական սոցիալական ծրագրի մշակում, սոցիալական դեպքի վարում, շահառուի անկախ կյանքի հմտությունների ձևավորում, այդ թվում՝ ինքնախնամքի, ֆինանսների կառավարման, առօրյա կենսական հմտությունների, սննդի պատրաստման դասընթացներ, անձնական օգնականի ծառայություն, ուղեկցողի (հետևողի) ծառայություն, խնամքի կազմակերպման դասընթաց և խորհրդատվություն ընտանիքին, հոգեբանի խորհրդատվություն, սոցիալ-հոգեբանական աշխատանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հետ և այլն: Ծրագրով նախատեսված են նաև զբաղվածութան ապահովման ծառայություններ, մասնավորապես՝ աշխատանք փնտրողներին խորհրդատվության տրամադրում և մենթորինգ, շահառուի ունակությունների, նախասիրությունների, կարողությունների, անձնային որակների բացահայտում, շահառուի մասնագիտական կոմպետենտության որոշարկում, կարողությունների գնահատում, կարիերայի անհատական ծրագրի կազմում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ միջազգային լավագույն փորձի հիման վրա նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ, որտեղ ծառայություններ կմատուցվեն պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց:

«Կենտրոններում կիրականացվեն այդ անձանց ինքնուրույն կենցաղավարման ծրագրեր, անձնական օգնականի ծառայություններ, մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորման ծառայություններ: Առաջին փուլով այդ կենտրոնները նախատեսվում է ստեղծել 6 մարզերում, որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը մի փոքր ավելի մեծ է: Այս պահին հիմնական ծառայությունները մատուցվում են Երևանում, ուստի Երևանից ավելին հեռու գտնվող մարզերում կստեղծվեն այդ կենտրոնները, որպեսզի հնարավորություն ունենանք ապահովել համաչափ հասանելիություն»,-մանրամասնել է նախարարը:

Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում։

Նշնեք՝ hաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգում հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է զինվորական կապով հաշմանդամություն ունեցող 9022 անձ, որոնց 79 տոկոսը աշխատանքային տարիքի են: 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում վիրավորում ստացած 472 անձի սահմանվել է հաշմանդամություն, այդ թվում՝ 70 անձի 1-ին խումբ, 147 անձի՝ 2-րդ խումբ, 255 անձի՝ 3-խումբ։

Лента

Рекомендуем посмотреть