Վերացվեց ՀՀ-ում շուրջ կես տարի գործող ռազմական դրությունը․ ընդդիմության նախագիծն ընդունվեց - RadioVan.fm

Онлайн

Վերացվեց ՀՀ-ում շուրջ կես տարի գործող ռազմական դրությունը․ ընդդիմության նախագիծն ընդունվեց

2021-03-24 15:46 , Политика, 926

Վերացվեց ՀՀ-ում շուրջ կես տարի գործող ռազմական դրությունը․ ընդդիմության նախագիծն ընդունվեց

118 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ՀՀ Ազգային ժողովն (ԱԺ) այսօր ընդունել է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների հեղինակած՝ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։

Նշենք՝ նախօրեին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել էր, որ ռազմական դրությունը սահմանափակում է ընդդիմության իրավունքները, ժողովրդավարությունը երկրում, քանի որ մի շարք համայնքներում ընտրություններ չեն կազմակերպվում: Նրա խոսքով՝ գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել հարցին, քանի որ այդ պահին քաղաքական ուժերը դեռևս չէին բանակցել, իսկ այժմ կա հանգուցալուծում՝ հայտարարվել է արտահերթ ընտրությունների օրը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ անհիմն էր համարել ընդդիմության այն պնդումները, թե ռազմական դրության երկարաձգումըքաղաքական կամ ներքաղաքական դրդապատճառներ ունի:Նա դրա լավագույնապացույցը համարել էր երկրում տեղի ունեցողքաղաքական գործընթացները, մասնավորապես, ընդդիմադիր ուժերի փողոցային ցույցերը: Նա, միաժամանակ, հիմնավոր էր համարել ընդդիմադիրների պնդումները, թե լավագույն լուծումն այն կլիներ, որ կառավարությունը նախաձեռներ ռազմական դրության վերացումը: Այդ համատեքստում նա ընդգծել էր, որ կառավարությունն ինքը պետք է նախաձեռներ ռազմական դրությունը հանելու գործընթաց, ուստի, առաջարկել էր կողմ քվեարկել նախագծին:

«Սա հանգուցալուծման և քաղաքական կայունության ապահովման ճանապարհ է»,-ասել էր նա:

Հիշեցնենք՝ Հայաստանում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվել էր Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսելու հենց առաջին օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։

Այս ընթացքում՝ 2020-ի նոյեմբերի 26-ին, ԱԺ-ն մեկ անգամ մերժել էր ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ռազմական դրությունը վերացնելու մասին» նախագիծը: Դեմ քվեարկող պատգամավորների հիմնավորումն այն էր, որ ռազմական դրությունը հայտարարվել է Զինված ուժերի առաջարկով, ուստի հենց Կառավարության և Զինված ուժերի գնահատականի հիման վրա էլ պետք է հանվի։

Ի դեպ՝ Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսմամբ պայմանավորված 2020-ի սեպտեմբերի 28-ին հայտարարված ռազմական դրությունը վերացվել է 2020-ի դեկտեմբերի 12-ին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть