«Ամեն քայլափոխի մոլախաղերը գովազդող վահանակներ են, բայց խնդիրը փորձում են լուծել հեռարձակողի միջոցով»․ հեռուստա-ռադիո ընկերությունները բարձրաձայնում են - RadioVan.fm

Онлайн

«Ամեն քայլափոխի մոլախաղերը գովազդող վահանակներ են, բայց խնդիրը փորձում են լուծել հեռարձակողի միջոցով»․ հեռուստա-ռադիո ընկերությունները բարձրաձայնում են

2021-03-31 17:59 , Общество, 1402

«Ամեն քայլափոխի մոլախաղերը գովազդող վահանակներ են, բայց խնդիրը փորձում են լուծել հեռարձակողի միջոցով»․ հեռուստա-ռադիո ընկերությունները բարձրաձայնում են

«Հեռուստառադիոընկերություններին պատերազմ է հայտարարված ֆինանսական մուտքերի կրճատման պատճառով 1000-ավոր աշխատատեղեր ապահովող ոլորտը սոցիալական աղետի առաջ է կանգնելու»,-հայտարարում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ ֆինանսների նախարարության հեղինակած ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է արգելել ինտերնետ շահումով խաղի կամ տոտալիզատորի գովազդը ռադիոյով, հեռուստատեսությամբ (TV) կամ համացանցով։

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյան

Ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են՝ նախագծի ընդունումը կվատթարացնի ներկայիս սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով առանց այդ էլ ֆինանսական հոսքերի կրճատման փաստի առաջ կանգնած հեռուստառադիոընկերություններին։

«2020-ի հունվարից` օրենքում կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելուց, մենք բուքմեյքերական ընկերությունների գովազդը օրական 9 րոպեի փոխարեն արդեն հեռարձակում ենք 3 րոպե տևողությամբ։ Այդ ընկերությունները մեր ամսական բյուջեի 30 տոկոսն են կազմում, ինչը բավական մեծ գումար է աշխատատեղերը պահելու, ժամանակակից սարքավորումներ գնելու համար, և, չմոռանանք, որ մենք ստացած եկամուտից հարկ ենք վճարում»,-ընդգծում է «Ռադիո Վան» և «Ռադիո Ալֆա» ռադիոընկերությունների մարքետինգի տնօրեն Ալյոնա Լևչենկոն։

«Ռադիո Վան» և «Ռադիո Ալֆա» ռադիոընկերությունների մարքետինգի տնօրեն Ալյոնա Լևչենկո

Լևչենկոյի խոսքով՝ ռադիոկայանները բավական շատ ոլորտներում կիրառված սահմանափակումների պատճառով արդենիսկ տուժված են «Արգելված է ծխախոտի գովազդը, ժամային սահմանափակում կա խմիչքների համար։ Դեղորայքի, բժշկական սարքավորումների համար գովազդի թույլտվություն են պահանջում։ Այս ամենը նվազեցրել է մեր եկամուտները, իսկ փոխարենը, որպես պոտենցիալ գովազդատու, որևէ նոր ոլորտ չի ձևավորվում»։

Ռադիոհեռուստատեսային գովազդային ոլորտում օրենսդրական որևէ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի տեսնում նաև «Դի Ջի սիսթեմս» գովազդային գործակալության տնօրեն Լիաննա Խաչատրյանը։ Նրա դիտարկմամբ՝ արդենիսկ մի շարք սահմանափակումներով՝ և՛ ժամաքանակի և՛ բովանդակային, ոլորտը կարգավորված է։

Նշենք՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, մասնավորաբար, հիմնավորում է «հասարակության խոցելի խմբերը մոլախաղերով հրապուրվելու վտանգից զերծ պահելու» ցանկությամբ։

«Երկիր մեդիա»-ի տնօրենը, մինչդեռ, գովազդի արգելքը դրա լավագույն լուծումը չի համարում։

«Ամեն քայլափոխի մարդկանց առջև մոլախաղերը գովազդող վահանակներ են՝ մետրոյում, դպրոցների հարևանությամբ»,-նկատում է նա՝ նշելով, որ միջազգային փորձը այլ լուծումներ է առաջարկում խնդրին՝ հակաքարոզչություն գովազդի միջոցով, բնակչության թվաքանակով պայմանավորված՝ օնլայն խաղեր մատուցող ընկերությունների թվի սահմանափակում։

Հեռարձակողները միակարծիք են՝ շահումով խաղերի և խաղատների գովազդների նկատմամբ կիրառվող սահմանափակումները և/կամ՝ արգելքը տարածելով նաևինտերնետ շահումով խաղի կամ տոտալիզատորի գովազդի վրա՝ կրճատվելու են աշխատատեղեր, հակային մուտքերը, անկում է լինելու նաև մեդիայի արտադրանքի որակի առումով։ Ու, որ ամենավտանգավորն է, նկատում է «Երկիր Մեդիա»-ի տնօրենը, մեծ է ռիսկը, որ մեդիան կընկնի օտարերկրյա ֆինանսական ազդեցությունների տակ, այդ թվում՝ ադրբեջա-թուրքական հիմնադրամների։

Մանրամասները՝ աուդիոռեպորտաժում։

Ուշագրավ մեկ փաստ՝ ինտերնետ շահումով խաղի կամ տոտալիզատորի գովազդի արգելքով մեդիաոլորտ՝ ֆինանսական հոսքերը կրճատել ցանկացող կառավարությունը, որը, իբր, նպատակ ունի իր քաղաքացիներին զերծ պահել մոլախաղերով հրապուրվելու վտանգից, մեկ այլ գերատեսչության՝ էկոնոմիկայի նախարարի շուրթերով «ավետում» է օնլայն խաղերի նոր՝ շվեդական ընկերության՝ Հայաստանյան շուկա մուտքի մասին։

Նախարար Վահան Քերոբյանն օրեր առաջ ֆեյսբուքյան գրառմամբ շեշտել է, թե 25 մլրդ դոլար կապիտալիզացիա ունեցող ընկերությունը «ՀՀ-ում կստանձնի համաշխարհային որակի աշխատանքի կուլտուրայի և բարձրակարգ մասնագետների կադրերի դարբնոցի դերը»։ Նա համոզմունք է հայտնել, թե նման ընկերությունները «օդ ու ջրի պես անհրաժեշտ են մեր տնտեսությանը»։


Նշենք՝ խնդրահարույց օրինագիծն այս փուլում շահագրգիռ գերատեսչությունների սեղանին է՝ կարծիքների համար։ Ֆինանսների նախարարությունը նաև պատրաստ է լսել հեռուստառադիոընկերությունների առաջարկները։ Ամփոփումից հետո պարզ կդառնա՝ կստանա՞, արդյոք, նախագիծն օրենքի ուժ, թե կդառնա հերթական «ձախողված «բարեփոխումը»»։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть