Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել գնդապետ Կորյուն Ղումաշյանի նկատմամբ՝ Բերձորը և Քարվաճառը ականապատելու մեղադրանքով - RadioVan.fm

Онлайн

Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել գնդապետ Կորյուն Ղումաշյանի նկատմամբ՝ Բերձորը և Քարվաճառը ականապատելու մեղադրանքով

2021-06-18 18:00 , Новости из Психушки, 1470

Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել գնդապետ Կորյուն Ղումաշյանի նկատմամբ՝  Բերձորը և Քարվաճառը ականապատելու մեղադրանքով

Պաշտոնական Բաքուն շարունակում է շինծու մեղադրանքներ առաջադրել հայերի նկատմամբ․ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն այս անգամ միջազգային հետախուզում է հայտարարել «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր տնօրեն, գնդապետ Կորյուն Ղումաշյանի նկատմամբ՝ Քարվաճառը (Քելբաջար) և Բերձորը (Լաչին) ականապատելու մեղադրանքով։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի գլխավոր դատախազությունը իրականացրած հետաքննության ընթացքում վեր է հանել Կորյուն Ղումաշյանի՝ հայկական լարտվամիջոցներին այս տարվա հունիսին տված հարցազրույցը, որում, իբր, գնդապետը խոստովանել է, որ ականապատել է Քարվաճառի և Բերձորի շրջանների շուրջ 500-600 հա տարածք։ Այս կապակցությամբ, ահա, Գանձակի (Գյանջա) զինվորական դատախազությունում հարուցված քրեական գործի շրջանակում՝ Կորյուն Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ մասնավորապես՝ 120.2.1 (դիտավորյալ սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 120.2.7 (երկու կամ ավելի անձանց սպանություն), 120.2.12 հոդվածներով (սպանություն ՝ էթնիկական, ռասայական, կրոնական ատելության կամ թշնամանքիհողի վրա)։

Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, հայտարարվել է միջազգային հետախուզում:

Այսօր ավելի վաղ էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել 3 հայ գործարարների՝ «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանի, Royalsys Engineering-ի սեփականատեր Դավիթ Գալստյանի և KOMEX ընկերության գլխավոր տնօրեն, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նկատմամբ՝ «քաղաքացիական ու բեռնատար ինքնաթիռներով անօրինական կերպով զենք ու զինամթերք Հայաստան, այնտեղից էլ՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու» մեղադրանքով։

«Տաշիր» ընկերությունների խումբն արձագանքելով՝ աբսուրդ է որակել Սամվել Կարապետյանին ուղղված Բաքվի մեղադրանքները:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть